Realmadrid.am կայքի գլխավոր խմբագիր, Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի ղեկավար-անդամ Գևորգ Լոռեցյանն «Արքայական ակումբի» նվիրյալ երկրպագուներից է.

- «Ռեալին» 2002-2003 մրցաշրջանից եմ սկսել երկրպագել։ Այդ ժամանակ յուրաքանչյուր երեխա հիանում էր Կարլոսի, Ռոնալդոյի, Զիդանի ու մյուս աստղերի խաղով, նմանակում էր նրանց, ես էլ սկսեցի հենց նրանց խաղով հիանալու արդյունքում հետևել «Ռեալի» խաղերին։ Ու շուտով դա հասարակ հետաքրքրությունից վերածվեց իսկական երկրպագության։ 

Գո՞հ եք ձեր սիրելի թիմի ներկա կազմից, մարզչից, խաղային տակտիկայից...

- Մեծ հիասթափություն ապրեցի երբ թիմից հեռացավ իմ ֆուտբոլային կուռքը՝ Կասիլյասը, ում խաղային վերելքը սկսվել էր հենց իմ ֆուտբոլ դիտել սկսելու տարիներից։ Սակայն ընդհանուր առմամբ կազմից բողոքելու տեղ չունեմ։ Թիմում հավաքված են աշխարհում լավագույնները գրեթե յուրաքանչյուր դիրքում։ Մարզչի մասին հիմա դեռ շուտ է խոսելը, մրցաշրջանը ցույց կտա։ Համենայն դեպս, առաջին երեք խաղերից երկուսում վստահ հաղթանակ ենք տարել, թիմի տակտիկական դասավորությունն էլ մոտ է նրան, ինչ տեսնում էինք վերջին տարիներին։ Շատ բան չի փոխվել։ Լիարժեք գնահատականներ, սակայն, կարելի է տալ միայն մրցաշրջանի որոշակի հատված անցնելուց հետո։

- Մի պահ պատկերացնենք՝ հայտնվել եք Բենիտեսի դերում: Առաջին բանը, որ կփոխեիք թիմում:

- Այս թիմում փոխելու քիչ բան կա։ Ուղղակի պետք է ճիշտ իրացնել այն պաշարը, որ այսօր հավաքված է թիմում։ Այդ իսկ պատճառով, եթե նույնիսկ հայտնվեի Բենիտեսի դերում, ոչ մի բան չէի փոխի, ուղղակի կփորձեի ուղղորդել ֆուտբոլիստներին՝ տրամադրելով նրանց ստեղծագործելու ազատություն։

- Պերեսի ու ակումբի մի քանի ֆուտբոլիստների լարված հարաբերությունների մասի՞ն ինչ կասեք: Եթե շշուկներին հավատանք, հենց նախագահն էր Կասիլյասի հեռանալու պատճառը:

- Բանն այն է, որ ես շշուկների չեմ հավատում։ Ինձ համար կան վստահելի աղբյուրներ, որտեղից էլ ստանում եմ տեղեկատվություն ակումբում տիրող իրավիճակի մասին։ Կասիլյասի ու Պերեսի հարաբերությունները իրոք արդեն մի քանի տարի լարված էին, քանի որ Պերեսը չի սիրում, երբ ակումբում իրենից բարձր դիրք ունեցող մարդ կա։ Իսկ մյուս ֆուտբոլիստների հետ նրա կոնֆլիկտները մտացածին են։ Նույն Ռամոսի մասին լուրերին պետք չի ուշադրություն դարձնել։ Չեմ կարծում, որ Պերեսը այնքան հիմար գտնվի, որ վաճառի աշխարհի լավագույն պաշտպանին՝ անկախ նրա համար առաջարկվող գումարից։

- Ձեր սիրելի թիմի ամենահիշարժան հաղթանակն ու պարտությունը:

- Ամենահիշարժան հաղթանակներից կառանձնացնեմ երկուսը՝ Չեմպիոնների Լիգայի «Ռեալ Մադրիդ» - «Բայեր» եզրափակիչ խաղը 2002 թվականին, որում Զիդանը խփեց իր անհավանական գոլը, և «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ» եզրափակիչը, որում մինչև վերջին վայրկյանը հույսներս չէինք կորցրել, իսկ Ռամոսը մեզ անսահման երջանկություն պարգևեց։ Սրանք ամենահիշարժան հաղթանակներն են, չնայած կարելի է տասնյակ հիշարժան խաղեր թվել։ Իսկ պարտությունները իմ համար չեն կարող հիշարժան լինել։ Միգուցե կարելի է առանձնացնել 2014 թվականի «Բորուսիա Դորտմունդ» - «Ռեալ Մադրիդ» (2-0) խաղը, որում չնայած պարտություն կրեցինք, բայց անցանք Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ։

- Լավ, անցնենք «Ռեալ» - «Բարսելոնա» հակամարտությանը: Տարածված կարծրատիպ կա, որ այս 2 թիմերի երկրպագուները պետք է անպայման թշնամիներ լինեն: Համամի՞տ եք:

-Հարազատ եղբայրս Բարսելոնայի երկրպագու է։ Շատ լավ ընկերներ ունեմ, ովքեր Բարսելոնային են երկրպագում։ Այդ կարծրատիպը հիմնականում վերաբերում է 12-16 տարեկան դպրոցահասակ պատանիներին, ում դժվարությամբ կարելի է իսկական երկրպագու համարել՝ չնայած որոշ բացառություններին։

- «Հակառակորդ» թիմում սիրելի ֆուտբոլիստներ ունե՞ք: Կա՞ այնտեղ մեկը, ում կցանկանայիք «Ռեալում» տեսնել:

- Ոչ, բացառվում է։ Շատ եմ հարգում Անդրես Ինյեստային ու արդեն թիմից հեռացած Չավիին, սակայն երբեք չեմ ցանկանա տեսնել նույնիսկ նրանց «Ռեալում»։

- «Բարսայի» պարտություններն ուրախացնու՞մ են ձեզ:

- Միայն Ռեալի դեմ խաղերում կամ եթե այդ պարտությունը «Ռեալին» ուղղակիորեն օգնում է նվաճել որևէ տիտղոս։

- Եթե ոչ Ռեալ, ապա...

- Գյումրիի «Շիրակ» և Հայաստանի ազգային հավաքական։

 Մարիամ Նալբանդյան