Այսօր Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական  կենտրոնը կազմակերպել էր «ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով գիտաժողով, որին  մասնկցում էր Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Ինպես  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի  ղեկավար Ստեփան Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշեց, գիտաժողովին մասնակցում էին Վրաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Հունաստանի պատվիրակությունները, Հայաստանի տարբեր մարզերից ՀԿ-ներ, քաղաքացիական հասարակության ակտիվ գործիչներ և  տարբեր ԲՈւՀ-երից ուսանողներ:

Սլովակիայի փոխվարչապետ   Միրոսլավ Լայչակը հանդես գալով զեկույցով նշեց, որ  3 տարվա ընթացքում արդեն 4-րդ անգամ է լինում Հայաստանում:

Նշենք, որ Հայաստանում չկա Սլովակիայի դեսպանատուն:  

Միրոսլավ Լայչակը իր զեկույցը հիմնականում նվիրեց ԵՄ արևելյան գործընկերության քաղաքականության ծրագրին, որին մասնակից են 6-երկիր` այդ թվում  նաև Հայաստանը:

«ԵՄ-ն ինտեգրացիայի հաջողված մոդել է»,- հայտարարեց  Սլովակիայի փոխվարչապետը և հավելեց, որ ԵՄ-ն նաև տնտեսական ինտեգրացիայի հաջողված մոդել է: Ըստ Միրոսլավ Լայչակի ԵՄ-ն իր օրակարգը չի թելադրում այն երկրներին, որոնք դեռ եվրոգոտու անդամ չեն.«Մենք չենք ասում երկրներին ինչ քաղաքականություն որդեգրեն»,-առանձնացրեց նա:

ԵՄ-ի արևելյան գործընկերության մասին խոսելիս  նա ասաց.« Մենք ունենք 6 երկիր: Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան համաձայնել են անդամակցել ԵՄ-ին: Ձեր պետությունը ասում է, որ ուզում ենք ինչքան հնարավոր է մոտ լինենք ԵՄ-ին: Ձեր երկիրը կարևոր է մեզ համար: Մենք նպատակ ունենք օգնել և աջակցել  ձեզ»:

Միրոսլավ Լայչակը խոսեց նաև Ղարաբաղյան հակամարտության մասին` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը և վերահաստատեց, որ կողմ են  հակամարտության միայն խաղաղ կարգավորմանը:

Նշենք, որ վերջում Սլովակիայի փոխվարչապետը պատասխանեց գիտաժողովի մասնակիցների հարցերին: