Այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում, և ինչի ականատեսն էի տևական ժամանակ՝ հետևելով «իրադարձություններին», իսկապես գավառական բալագան էր, գարշելի «թատրոն», որի հեղինակների ամեն մի քայլ օրավուր վարկաբեկում է «Ոչ թալանին» շարժման ձեռքբերումները...
Մանկամտությունը, հերոսանալու գեղջկական ջանքերը, ակնհայտ պատվիրակատարությունը դարձել են Սանասարյան Դավթի գործունեության հիմնասկզբունքները: Ինչքան էլ նեղանա ու թեկուզ հայհոյանքներ տեղա՝ ի պետս քաջության և կամ ի հաստատումն իր դաստիարակության՝ այս երիտասարդը, որը, դժբախտաբար, Երևանի ավագանու անդամ է, երկիրը վերածում է կրկեսի, շարժումը՝ խեղկատակության: Ինչքա՞ն կարելի է անիմաստ վազվզել, երկրի գլխավոր հրապարակում պառկել, երբ այդ ամենի ներքնաշերտում ոչ թե ազնիվ պայքարն է, այլ ցուցամոլությունը, հաստատ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելը... Իսկ թե ում և ինչ է ապացուցում, անվարան ասեմ. գրանտների խնդիր կա, այլախոհ երևալու խոստում կա...
Բաղրամյան պողոտայում, քանի դեռ արտասահմանից չէր վերադարձել Դավիթը, իսկական պայքար էր, իսկական շարժում՝ ազնիվ, շիտակ, քաղաքակիրթ: Պայքարը նախաձեռնել էին ազնվագույն տղաներ, իսկ հիմա մենք տեսնում ենք ծաղրաբանների, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի այն թռիչքից ոչինչ չմնա...
Ավագ ընկերոջ դիրքերից խորհուրդ տամ Սանասարյան Դավթին. տղա՛ս, ամեն մի շարժում ու պայքար իր սկզբունքներն ու հիմնավորումներն ունի, իր ձևերն ու դրույթներն ունի, իր տեղն ու նշանակությունն ունի:
Հասկացրու քեզ գրանտ տվողներին, որ վատ սցենար են գրել... Դու էլ, փառամոլ ու անփորձ լինելով, տեղավորվում ես այդ վատ սցենարի մեջ: Մինչդեռ կարող ես իսկապես շատ լավ ու ընդունելի գործիչ լինել:
Լևոն Մութաֆյան՝ ֆեյսբուք
Լուսանկարը՝ ֆոտոլուր