Այսօրվա քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարեց փոխքաղաքապետ պարոն Արեյանը, վերջապես հանձնարարվեց մեկ օրում պարզել Ալեք Մանուկյան փողոցի Ամերիկյան բիզնես կենտրոնի հարևանությամբ գտնվող կիսակառուցի սեփականատիրոջն ու նրանից պահանջել կարգի բերել աղբի մեջ կորած տարածքը:
Վաղուց սպասված հանձնարարական, որը պետք է տարածվի Երևանի տարբեր հասցեներում աղբի մեջ կորած այլ կիսակառույցների վրա, ինչպես օրինակ Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Բաբաջանյան փողոցի սկզբնամասում, գազալցակայանի հարևանությամբ գտնվող կիսակառույցն է և նրա դիմացի 20 տարվա վաղեմությամբ ինչ որ շենքի համար փորված, բայց աղբատեղի դարձած փոսը, որի սեփականատերն էլ հայտնի է և վերջերս այդ տարածքը պարսպապատվեց: Ճիշտ է, ներսի աղբն այժմ չի երևում, բայց այն առկա է: Աղբանոցի վերածված նման անավարտ շինություններով, կիսակառույցներով լի է Երևանը, որոնք տգեղացնում են մայրաքաղաքը: Կարծում եմ Երևանի քաղաքապետարանը պետք է նախաձեռնի ու հանդես գա օրենսդրական այնպիսի առաջարկով, որով նման դեպքերում վերանայվեն տարածքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքներն ու պարտավորությունները: