Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր ոստիկանության օպերլիազորներ Խաչիկ Բախբուդարյանի և Արտակ Բարսեղյանի քրեական գործով հերթական դատական նիստը:
Վերջիններիս պաշտպանն էր Արայիկ Ալվանդյանը: Սակայն նիստի հենց սկզբում ամբաստանյալներից Արտակ Բարսեղյանի հայտարարեց դատարանին, որ դիմել է մեկ այլ փաստաբանի ծառայությանը, որը սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողացել ներկա գտնվել նիստին: Եվ այս առիթով ամբաստանյալը միջնորդություն ներկայացրեց հետաձգելու դատական նիստը, ինչի վերաբերյալ առարկություն չհայտնեց պաշտպան Ա.Ալվանդյանը:
Սակայն մեղադրող Ջոն Ֆարխոյանը առարկեց` պատճառաբանելով, որ դա հիմք չի կարող հանդիսանալ նիստը հետաձգելու համար: Սրա հետ դատարանը համաձայն էր, սակայն ամբաստանյալը ևս մեկ միջնորդություն հայտնեց: Այս անգամ նա ասաց, որ հրաժարվում է իր պաշտպանից: Եվ քանի որ արդեն պաշտպան չուներ, դատավոր Մ.Մարտիրոսյանը Քրեական օրենսգրքի 317-րդ հոդվածից ելնելով` հայտարարեց, որ ամբաստանյալն իրավունք ունի փաստաբան չունենալու դեպքում օրենքով սահմանված կարգով պատշաճ կերպով ապահովվել պաշտպանով: Եվ այս հանգամանքն արդեն պատճառ հանդիսացավ նիստը հետաձգելու: Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 18-ին` այս անգամ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Խաչիկ Բախբուդարյանին և Արտակ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածով:
Նրանք, հանդիսանալով ոստիկանության օպերլիազորներ, կատարել են պաշտոնական կեղծիք և իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված գործողություններ, որոնցով էական վնաս են պատճառել անձանց և պետության օրինական շահերին:
Տաթև Հարությունյան