Այսօր YerevaNews.am-ի խմբագրություն են ուղարկել բաց նամակ ուղղված ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին: Բաց նամակի հեղինակը Աջափնյակ համայնքի թիվ 195 ավագ դպրոցի ծնող` Լենա Ավագյանն է: Ստորև ներկայացնում ենք բաց նամակը.
«Ավարտական դասարաններում եռուզեռ է, ուսուցիչները և տնօրենները իրար են խառնվել.չէ, որ եկել է «բերքահավաքի ժամանակը»: Նրանք նմանվում են այն այգեգործին, ով ողջ տարի սպասել է աշնանը ՝վերցնելու բնության տված բերքն ու բարիքը:Իսկ այս այգեգործները, ոչ թե համեստորեն սպանում են, այլ պահանջում են` ասելով, որ այս ծառն այսքան պետք է տա ու վերջ: 195 դպրոցի տնօրեն` Անահիտ Պողոսյանը որոշել է «բիրդան» աղա դառնալ` յուրաքանչյուր աշակերտից պահանջելով կլորիկ 5 հազար դրամ, նախորդ տարվա համեմատ կրկնակից էլ շատ: Նախորդ տարի 2000 դրամ վերցրեց յուրաքանչյուրից: Այսինքն այս տարի, եթե դպրոցն ավարտում է 250 շրջանավարտ, պարզ թվաբանություն է, ինքներդ հաշվեք: Տնօրենն իր գրպանն է դնում 1մլն 250 հազար դրամ:
Այս ամենը աշակերտների մասին: Հիմա անցնենք բուն «Վերջին զանգին» և նրա հետևանքներին...
Տիկինը որոշել է վերջին զանգն անել Պարոնյանի անվան թատրոնի դահլիճում, որտեղ հավաքույթ անելը գումար արժի: Ո՞վ պետք է տա այդ գումարը, իհարկե, աշակերտի ծնողը:
Դրանից հետո բոլոր ավարտական դպրոցի աշակերտներով, ավանդույթի համաձայն կգնան ռեստորան: Ռեստորան, բայց ոչ սովարական: Հավաքույթը ծրագրաված է անել «Կովկաս» ռեստորանում:
Եթե մնացած ռեստորանններում մեկ աթոռի գինը 8 հազարի է հասնում, չնայած, գիտենք, որ այդ օրերին սովորաբար մեծ թվով մասսայի դեպքում զեղչեր են լինում, սակայն Կովկասում հակառակն է տիրում: Մեկ աթոռը 11 հազար դրամ է: Տիկինն այդպես է որոշել և հասկանալի է, որ որոշակի գումար էլ այդտեղից կներխուժի նրա գրպանը:
Մեզ համար սովորական է դարձել նման դրամահավաքները: Ծնողներն այլևս չեն ընդվզում և բողոքում, բողոքեն, որ ի՞նչ անեն:
Նախորդ տարվա ծնողների օրինակով, նրանք զանգեցին թեժ գիծ, պատմեցին հերթական դրամահավաքության մասին:
Իհարկե, անմիջապես եկան ստուգողները, համարելով, որ իրենց բարոյական պարտքն են կատարում: Դրանից հետո ի՞նչ եղավ:
Հարգարժան տնօրենը ժողով հրավիրեց, ծնողկոմիտեները հավաքվեցին և նա ասաց.
«Հարգելի ծնողներ, մի բան լավ իմացեք, եթե ես այսօր հայտնվել եմ այստեղ, ուրեմն վերևներում մարդ ունեմ: Եվ իզուր եք իրար խառնվել, մեկա բան չեք կարողանալու փոխել»:
Պարզվեց, որ վերևների մարդը, ոչ ավել, ոչ պակաս ՀՀԿ անդամ Հերմինե Նաղդալյանն է:
Լավ բա վերջը...ո՞վ պետք է այս դրամաշորթության դեմն առնի: Փաստորեն, մեր երկրում պղծվել է սրբությունը՝ դպրոցը: Տհաճ է նման դպրոցում սովորելը և կրկնակի տհաճ՝ այն ավարտելը»: