«Ժամանակ» թերթը գրում է. «Աղվերանում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող հանգստյան տանը երեկ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել։
«Ժամանակին» հայտնի է դարձել, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանգստյան տան տնօրեն Հարութ Թադեւոսյանն է, մյուսը՝ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը։ Նրանց միջեւ նախ վիճաբանություն է սկսվել, որից հետո կրքերը բորբոքվել են, ու դիմել են բռունցքների օգնությանը։
Հյուրանոցում, ականատեսների խոսքով, տուրուդմփոցը սկսվել է հենց այն պահից, երբ Արսեն Բաղդասարյանը իր ընտանիքի հետ ընդունարանում փորձել է կարգավորել հյուրանոցում տեղավորվելու փաստաթղթային հարցերը։ Ուղեգրի շուրջ վեճ է ծագել, գոռգոռացել են, ապա նրանցից մեկը աթոռով հարվածել է մյուսին։
Վիճաբանության պատճառների մասին մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեցինք հանգստյան տան տնօրենի հետ։ Վերջինս նախ սկզբում հերքեց՝ ասելով, թե նման բան տեղի չի ունեցել։ Բայց որոշ մանրամասներով հակադարձելուց հետո նա պատմեց եղելությունը։
«Դե, մարդիկ երեւի ճանապարհից հոգնել էին, դրա համար էլ մի քիչ այլ ձեւ էին։ Ուղեգրի հետ կապված հարց ծագեց։ Մեր իրավունքն է՝ ստուգել բոլոր փաստաթղթերը, տեսնել՝ ինչի հիման վրա է: Էդ տղան բորբոքվեց՝ բա արա, այ տղա, ասեցի՝ արայով մի խոսեք, քեզանից լավ արա չկա։ Ինքն էլ թե՝ պրոֆեսորի հետ ես խոսում, հետո էդ արա բառի վրա աթոռը վերցրեց ու խփեց ինձ։ Հետո անընդհատ ասում էր, որ դոցենտ-պրոֆեսոր են. հիմա ի՞նչ անենք՝ մենք էլ հասարակ մարդիկ ենք, մեզի խփեք աթոռով սպանե՞ք: Զայրացած էր, խմած էր էդ տղեն»,- պատմեց Հարութ Թադեւոսյանը։
Ըստ ականատեսների՝ Արսեն Բաղդասարյանը ընտանիքի հետ է եղել, եւ այդ ողջ կռիվը նրանց ներկայությամբ է տեղի ունեցել։
«Ուղեգրի ութ օրը տրվել էր Ակադեմիայի կողմից, հետո ասեց՝ 10 օրվա է, ասեցի՝ բա մյուս ուղեգիրը ի՞նչ փաթեթով է, ինքն էլ ինչ-որ բանկային թուղթ էր բերել, որը մեզ չէր վերաբերում ու չէր կարա հիմք համարվեր, որովհետեւ մենք ուղեգրերի հիման վրա ենք հաշվարկ անում: Մի խոսքով՝ էդ ժամանակ տարիքով մարդը՝ պրոֆեսոր կոչեցյալը թուղթը շպրտեց դեմքիս, ես էլ ասեցի՝ ինձ ինչի՞ եք վիրավորում, էդ փաստաթուղթը իմ համար չի, տարեք ասեք՝ մեզ ուղեգիր պետք է տայիք, ու էդ խոսակցության ժամանակ, էդ տղան մոտեցավ, ասեց՝ գիտես՝ ո՞վ ա, պրոֆեսորի հետ ո՞նց ես խոսում, ես էլ ասեցի՝ ես ասում եմ՝ դա ինձ վերաբերող փաստաթուղթ չի, ասեց՝ արա, ասի՝ արա չէ, քեզ զգուշացնում եմ, կուլտուրական խոսեք, ասեցի՝ քեզանից լավ արա չկա, ու էդ ընթացքում ասեց՝ քո տիրոջ մերը ու աթոռը վերցրեց ու գլխիս խփեց. չպատկերացրեցի, որ էդ բանավեճի ընթացքում նման բան կլինի»,-մանրամասնեց Հարութ Թադեւոսյանը՝ նշելով, որ այդ ժամանակ ինքն է կանչել ոստիկանի։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում