«Ժամանակ» թերթը գրում է.
«Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի հարևանները շոկի մեջ էին և դժվարանում էին գտնել որևէ տրամաբանական վարկած, ինչը կարող էր դառնալ սպանության պատճառ:
53-ամյա Անիի հարևանները մեզ հետ զրույցում միայն դրական էին արտահայտվում նրա մասին: «Շատ դրական մարդ էր, բոլորին շատ հարգում էր, կիրթ էր, քաղցրալեզու, միշտ բարի խորհուրդներ էր տալիս: Ոնց ասեմ՝ կյանքում էս բակում մեկի հավին քշա չէր ասել»,- մեզ հետ զրույցում պատմեց նույն հարկի բնակչուհի տիկին Ջուլիետան:
Նա դեպքի մասին ոչինչ չէր լսել, ոչ էլ աղմուկ էր լսել, ու որևէ արտառոց բան չէին նկատել նախորդ օրերին: Միայն փրկարարների ու ոստիկանության բազմությունից էր հասկացել, թե ինչ է կատարվել:
9-րդ հարկի բնակչուհի տիկին Սվետան պատմեց, որ առաջինը Անիի մայրն է եկել Աշտարակից: Շատ անհանգիստ տոնով հարևաններին դժգոհել է, թե Անիին զանգում է՝ չի պատասխանում, և պնդել է, որ Անին տանն է, ու հարևաններին խնդրել է դուռը բացել:
«Շատ անհանգիստ էր մայրը: Ասում էր՝ դուռը բացեք, իմ Անին ներսում է, իմ Անիին սպանել են»,- պատմեց տիկին Սվետան: Երբ մայրը շատ է համառել, փրկարարներ են եկել ու ոստիկանության համաձայնությամբ բացել են դուռը. պարզվել է, որ մայրը իրավացի էր:
Հարևանուհիները պատմեցին, որ Անին 15-րդ թաղամասի «Բանկի շենքում» միայնակ էր բնակվում: Նրա ծեր մայրը միայնակ բնակվում է Աշտարակում, իսկ եղբայրը Ռուսաստանում է:
Անին ծնվել է Թեհրանում, ապա տեղափոխվել են Հայաստան: Նա մինչ էքստրասենս դառնալը երգել է Էջմիածնի եկեղեցու երգչախմբում: Երևան տեղափոխվելուց հետո նա բնակություն է հաստատել նշված շենքում և սկսել զբաղվել իր գուշակություններով:
Հարևանուհիների խոսքով՝ Անին մշտապես հյուրեր էր ունենում՝ անծանոթ աղջիկներ, կանայք էին գալիս, պատահում էր՝ իրենց ամուսինների հետ»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: