Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակում ՀՀԿ-­ն այսօր Էրեբունի վարչական շրջանում էր:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպեց վարչական շրջանի տարբեր թաղամասերի բնակիչների հետ:

Հանդիպումն անցավ բավականին մարդաշատ միջավայրում, բայց չպետք է մոռանանք, թե ում շնորհիվ էր, որ Էրեբունի համայնքի բնակիչներն այսօր այդքան ոգևոչված դիմավորեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Այստեղ իր մեծ գործոնն ուներ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ում թիմակիցները ջանք ու եռանդ չէին խնայել մարդկանց քանակ ապահովելու հարցում:

Բայց այստեղ ամենահետաքրքիրն այն էր, որ հավաքվածների մեջ չկար մեկը, ով դժգոհ լիներ քաղաքապետի աշխատանքից կամ բարձրաձայներ իրենց վարչական շրջանի խնդիրները: Դժվար թե Էրեբունիում խնդիրներ չլինեն, բայց ամեն դեպքում մեր թղթակցին ոչ մի կերպ չի հաջողվել գտնել մեկին, ով կհամափայնվեր գոնե մեկ խնդիր մատնանշեր:

Ի՞նչ է այս մարդիկ ապրում են «Ավելի լավ Երևանում», թե՞ պարզապես այս ամենը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի` Թոհմախի Մհերի, շնորհիվ է, որ այստեղ դժգոհողներ չկային:

Ի դեպ, մեկ անգամ չէ, որ այս պատգամավորը ՀՀԿ-ական իր գործընկերներին և հատկապես ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ապացուցում է, որ իր համայնքը իրեն «պադվադիտ» չի անի և ինքը պարզ ճակատով կներկայանա «վերևներին»:

Վահագն Ավետիսյան