ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մաշտոցի պողոտայում օգոստոսի 7-ին տեղի ունեցած դանակահարության դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
2015թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի 2-րդ շենքի դիմացի մայթում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ ծանր մարմնական վնասվածք է պատճառվել քաղաքացի Գրիգոր Գրիգորյանին։
Նախնական քննության տվյալներով՝ Գ.Խաչատրյանն իրեն և իր ընկերոջը հայհոյելու հետ կապված վիճաբանել է Գ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և դիտավորությամբ պատճառել առողջությանը ծանր վնասի հատկանիշներ ունեցող մարմնական վնասվածքներ` կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի, ուղեկցված ձախակողմյան հեմոպնևմոթորաքսի, թոքի վնասումով, կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած չթափանցող վերքի ձևով, որից հետո փորձել է դիմել փախուստի, սակայն դեպքի վայրում բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել:
Դեպքի առթիվ 08.08.2015թ. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Դեպքի վայրի զննությամբ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: