Հերքում… առանց հերքման
Այսօր ես ստացա ,,Եվրատեսիլի,, հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի ինձ հղված ,,Պահանջը,, , որով նա պահանջում էր երեքօրյա ժամկետում հերքել 16.07.2015 թվականին Newsbook.am էլեկտրոնային թերթում իմ հեղինակությամբ հրապարակված դիտումը՝ ,,,,Եվրատեսիլյան անամոթություններ՝ Գոհար Գասպարյանի ,,հեղինակությամբ,, վերտառությամբ: ,,Պահանջի,, սպառնալիքներով լի ոճը, դատարան դիմելու պատրաստակամությունը և այլն, խոսում են սույն ,,Պահանջը,, հեղինակող անձի ոչ բավարար իրավաբանական գիտելիքների մասին: իսկ հեղինակը Գոհար Գասպարյանի փաստաբան Վարուժան Վարդանյանն է: ,,Պահանջում,, մեջբերումներ են արված իմ դիտարկումներից: Եվ այդ դիտարկումներն են պահանջում հերքել:

Հիշեցնեմ փաստաբանին, որի հետ հեռախոսազրույց ունեցա, որ ՀԵՐՔՈՒՄԸ տեքստ է, որում հեղինակը ներկայացնում է հակափաստարկներ, վիճարկում նախնական նյութը որոշակի փաստերով: Մինչդեռ փաստաբանն ու Գոհար Գասպարյանն ինձանից են պահանջում հորինել հերքման տեքստ: Ասեմ, որ հարգելով Գոհար Գասպարյանին որպես երիտասարդ հայ անձնավորություն, պատրաստ կլինեի գրել հերքում, իսկ լրատվամիջոցն էլ կհրապարակեր այդ հերքումը, եթե Գոհար Գասպարյանն ու նրա փաստաբանը հերքեին իմ դիտարկման մեջ տեղ գտածը: Ցավոք, ընդամենը հռետորական հարցադրումներ են հնչել, որոնց ես, բնականաբար, չէի կարող անդրադառնալ և հայտարարել, թե հերքում եմ: Ցանկալի է, որ այսուհետև որոշ փաստաբաններ քաղաքացիական օրենսգրքից անգիր հոդվածներ հիշատակելու փոխարեն, ուսումնասիրեն Քաղաքացիական իրավունք կոչվածը, տեղեկանան ՀԵՐՔՄԱՆ պահանջներին և պայմաններին:
Ես պատրաստ եմ իմ դիտարկման մեջ տեղ գտած ամեն մի դիտողության համար ներկայացնել իմ անձնական դիտարկումները: Մինչդեռ մյուս կողմը դա չի արել: Ափսոս: Նաև ավելացնեմ, որ լրագրողների ,,բերանը փակելու,, , ճշմարիտ քննադատությունը ճնշելու և սպառնալիքներ տեղալու, մասնագիտական գնահատականներ հնչեցնողներին վախեցնելու փոխարեն, լավ կլինի, որ վարվի գրագետ աշխատանք, ոչ ոք չփորձի դատարանով վախեցնել ՀՀ քաղաքացուն՝ իր կարծիքն արտահայտելու համար:
Իսկ հիմա հիշեցնեմ հարգելի Գոհար Գասպարյանին իմ դիտարկումների հիմքերը:

1. Այո, ես գրել եմ, մրցույթին Հայաստանից մասնակից ընտրելու գործընթացներում Գոհար Գասպարյանը թույլ է տվել ինքնագործունեություն, ավերել է բոլոր կանոնակարգերը, սկզբունքային մոտեցումները և այլն: Ի՞նչ հակափաստարկ է ներկայացնում Գոհար Գասպարյանը: Ոչ մի: Համաձայն կանոնակարգի, ինչպես արվում է մասնակցող բոլոր երկրներում, պետք է անցկացվի հայտավորված մասնակիցների մրցույթ և ընտրվի հաղթողը: Վերջին անգամ Հայաստանում նման մրցույթ է կազմակերպվել երգչուհի Էմմիի առիթով: Դրանից հետո որևէ մրչցույթ չի եղել: Գոհար Գասպարյանն ունի՞ հակափաստարկ, կարո՞ղ է ներկայացնել նախնական ընտրության որևէ տեսանյութ, արձանագրություն, կարո՞ղ է որևէ մասնակից հայտարարել, թե եղել է մրցույթ և ինքը մասնակցել է…

2. Այո, նշել եմ, որ Գոհար Գասպարյանն է ,,նշանակում,, մասնակցին՝ այսպես ապտակելով հեռուստադիտողին: Սա, ըստ էության, վերը շարադրվածի շարունակությունն է: Ես արդեն հիմնավորեցի իմ գրածը, իսկ ինչպե՞ս է հիմնավորում Գոհար Գասպարյանը: Ո՞ր հեռուստադիտողն է մասնակցել բաց քվեարկությանը, ինչը նույնպես արվում է շատ երկրներում: Ո՞ր հեռուստադիտողն է որևէ հաղորդում տեսել, որում ցուցադրվել է նախնական մրցույթը, ընտրությունը: Ես ունեմ փաստարկ, իսկ Գոհար Գասպարյա՞նը…

3. Այո, նշել եմ, որ Գոհար Գասպարյանը փակում է բոլոր երգահանների ճանապարհը: Վերջին անգամ ո՞ր կոմպոզիտորն է մասնակցել Եվրատեսիլյան երգի ընտրությանը, քանի՞ երգահան է 2012 թվականից հետո մասնակցել որևէ մրցույթի: Կա՞ որևէ փաստ, արձանագրություն, կա՞ն երգահաններ, որոնք կարող են պնդել, թե պաշտոնապես հայտարարվել է երգի ընտրության որևէ մրցույթ:

4. Այո, նշել եմ, որ 2015-ի մանկական Եվրատեսիլի մասնակից Միկա Վարոսյանը հայտավորված է եղել 2012 թվականից: Կա՞ որևէ մասնագիտական հանձնախմբի արձանագրություն, որը հիմնավորել է մանուկ երգչի երգչական որակները, մրցույթին մասնակցելու անհնարինությունը: Կա՞ որևէ տեսանյութ, որն ապացուցի նրան նախորդ տարիներին չընդգրկելու պատճառաբանությունները:

5. Իսկ ինչ վերաբերում է գավառական չափանիշներով առաջնորդվելուն, ապա մի՞թե վերոշարադրյալն այդ գավառականության դրսևորումը չէ: Մի՞թե գավառականություն չէր հայոց եռագույնը Կոնչիտայի ուսերին նետելու փաստը, երբ այդ երգիչն արհամարհանքով դեն տարավ մեր պետականության բարձրագույն խորհրդանիշը…
Հարգելի Գոհար Գասպարյան, եթե Ձեզ նեղություն եմ տվել՝ այս ամենի մասին գրելով, ապա ներողություն եմ խնդրում: NEWSBOOK.AM թերթի անունից տեղեկացնեմ, որ ցանկացած ողջամիտ հերքում անմիջապես կհրապարակվի: Որևէ մեկն արգելք չի լինի Ձեր ճանապարհին: Ձեր սահմանադրական իրավունքն է պահանջել հերքման հրապարակում: Բայց ու՞ր է հերքման տեքստը:
Հարգանքներով՝ արվեստից, մշակույթից, ազգային արժանապատվությունից ոչինչ չհասկացող

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ