Կուսակցություն (լատիներեն՝ part-մաս)։ Քաղաքական կուսակցություններն իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. առանձնացվում է կայացման 2 հիմնական փուլ։ Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, երկրորդը՝ դասական շրջանը։
Ոչ դասական առումով կուսակցությունները հանդես էին գալիս դեռևս անտիկ շրջանից, հատկապես Հին Հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն։
Դասական առումով կուսակցությունների ձևավորման գործընթացը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսերից։ Դասական առումով քաղաքական կուսակցությունները անցել են ձևավորման 3 փուլ։ Առաջին փուլում (17-րդ դարի կես-18-րդ դարի 80-ական թթ.) հանդես են գալիս արիստոկրատական կոտերիաներ (ֆրանսերեն՝ խումբ)։ Երկրորդ փուլում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի 60-ական թթ.) խմբավորվում են քաղաքական ակումբները։ Երրորդ փուլում (սկսած 19-րդ դարի 60-ական թթ-ից) առաջանում են զանգվածային կուսակցությունները։
Քաղաքական կուսակցությունների մասին առաջին գիտական պատկերացումները կապված են Մոնտեսքիոյի, Ռուսսոյի, Վաշինգտոնի, Մեդիսոնի և այլոց անունների հետ:
Կուսակցության ընդհանուր հասկացությունն իր մեջ պետք է ներառի այն բոլոր հատկանիշները, որոնք բնորոշ են ցանկացած քաղաքական կուսակցության: Հայտնի է, որ կուսակցություններն իրարից տարբերվում են սոցիալական բազայով, գաղափարախոսությամբ, ֆունկցիաներով, նպատակներով, գործունեության ծրագրերով և այլն:
Քաղաքաական կուսակցությունների ֆունկցիաների իրականացման միջոցով կարելի է որոշել նրանց գործնական, փաստացի դերը տվյալ հասարակության քաղաքական համակարգում, բացահայտել քաղաքական գործընթացին նրանց մասնակցության աստիճանը և արդյունավետությունը` սկսած որոշումների ընդունումից, վերջացրած դրանց գործնական իրականացմամբ:
Գերմանացի նշանավոր քաղաքականագետ Կլաուս Ֆոն Բոյմենի կարծիքով՝ քաղաքական համակարգում կուսակցություններն իրականացնում են հետևյալ հիմնական ֆունկցիաները. Ըստ Բոյմենի՝ քաղաքական կուսակցության ֆունկցիաներն են` նպատակի որոշումը, հասարակական շահերի միավորումը և արտահայտումը, քաղաքացիների ակտիվացումը, «հասարակական կարծիքի դաստիարակում», պառլամենտի և երկրի բնակչության միջև առկա քաղաքական կապերի ապահովում:
Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է: Շատ հաճախ կուսակցություններնը իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության: Այս չափանիշով առանձնացվում են մարքսիստական, սոցիալիստական, կոմունիստական, լիբերալ, պահպանողական կամ կոնսերվատիվ, ազգայնական, ֆաշիստական և այլ կուսակցություններ:
Կուսակցությունների գաղափարազրկությունն ախտահարում է ոչ միայն կուսակցական համակարգը, այլև առհասարակ ողջ քաղաքական դաշտը, ողջ հասարակությունը: Ընտրազանգվածը ընտրություն է կատարում ոչ թե թեկնածուների ներկայացրած ծրագրերի միջև, այլ անձերի, ընդ որում՝ նախընտրելով այն անձին, ով աննահանջ պայքարելու և առկա իշխանությանը հաղթելու հույսեր է ներշնչում, ընդ որում՝ չխորանալով, թե նախընտրած անձը ինչ կենսագրություն և վարքագիծ է ունեցել մինչև ընտրությունները: Անախորժ իշխանություններից ձերբազատվելու ձգտումը դրդում է մարդկանց դաշինք կնքել անգամ սատանայի հետ, անգամ դեմ գնալ պետության շահերին ու սեփական համոզմունքներին:
Հաջորդ չափանիշը սոցիալական կազմն է: Ըստ սոցիալական կազմի՝ առանձնացվում են բանվորական, գյուղացիական, երիտասարդական, մտավորականական և այլ կուսակցություններ:
Կուսակցությունների տիպաբանության հաջորդ չափանիշը նրանց գործունեության գործելաոճն է: Սրա հիման վրա առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝ ավանգարդային, նախընտրական, պառլամենտական:
Ավանգարդային կուսակցությունները, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղաքական գործելաոճ: Նրանք կողմնակից են քաղաքական պայքարի կոշտ մեթոդների: Սրաքն իշխանության գալով, որպես կանոն, քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ: Ավանգարդային կուսակցության դասական օրինակ է բոլշևիկյան կուսակցությունը: Նախընտրական կուսակցությունները հիմնականում վարում են պասիվ քաղաքական գործունեություն: Նրանք հիմնականում ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ լուծելով տարբեր մարտավարական խնդիրներ: Պառլամենտական կուսակցությունները հիմնականում աչքի են ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ, գործում են մշտապես: Հիմնականում ներկայացված են լինում երկրի օրենսդիր մարմնում: Աչքի են ընկնում ճկուն քաղաքականությամբ և փոխզիջումների գնալու ընդունակությամբ: Սրանք առավել հաճախ ձևավորում են կոալիցիոն կառավարություն:
Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը ներքին կազմակերպական կառուցվածքի առանձնահատկություններն են: Այս չափանիշը առաջադրել է հայտնի ֆրանսիացի քաղաքագետ Մորիս Դյուվերժեն: Այս չափանիշի հիման վրա առանձնացվում է 2 տզիպի կուսակցություններ՝ կադրային, մասսայական կամ զանգվածային:
Կադրային կուսակցությունները, որպես կանոն, փոքրաքանակ են: Մասնագիտական գրականության մեջ որպես կադրային կուսակցությունների դասական օրինակ են նշվում ամերիկյան Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները: Մասսայական կուսակցությունները ավելի բազմաքանակ են: Նրանք աչքի են ընկնում ներքին կազմակերպական խիստ կառուցակարգով: Ունեն կուսակցական ամուր օղակներ, սկզբնական բջիջներ, տեղական և ռեգիոնալ կուսակցական կազմակերպություններ: Մասսայական կուսակցության օրինակներ են Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցությունները:
Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքն է: Ըստ այս չափանիշի՝ առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝ աջեր, ձախեր, ցենտրիստներ կամ կենտրոնամետներ:
Վերոնշյալ դասակարգման ավանդույթը գալիս է Ֆրանսիայից, երբ 19-րդ դարի սկզբներին ֆրանսիական Սենատում, այն քաղաքական ուժերը, ովքեր նստած էին թագավորի աջ կողմում, նրանք աջերն էին և կողմնակից էին թագավորին, իսկ ովքեր ձախում էին՝ ընդդիմադիր էին, իսկ ովքեր կենտրոնում էին՝ չեզոք:
Ներկայումս քաղաքական կուսակցություններն իրենց քաղաքական գործունեությունը ծավալում են նշված դասական ուղեծրից ոչ միայն շեղված, այլ շատ հաճախ լինելով այլ արժեքների հետևորդ, ունենալով սկզբունքորեն հակադիր գաղափարական հենք, վարում են լրիվ հակառակ քաղաքական կուրս` բոլոր առումներով գերապատվությունը տալով քաղաքական և անձնական շահերին:
Արմեն Հովասափյան՝ ֆեյսբուք