Վլադիմիր Գ.-ի հարեւանուհու Իրինա Կ.-ի կողմից ինքնավնասում կատարելու եւ անչափահաս երեխաներին սպառնալիքներ տալու վերաբերյալ ահազանգի հիման վրա 2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, նրանց բնակարան է այցելել ոստիկանության Բազումի բաժնի օպերլիազոր Արման Ֆ.-ն, ով ներկայացել է եւ տանտիրուհի Նելլի Գ.-ի հրավերով` ներս անցել: Այդ ժամանակ տանտերերը հարձակվել են ոստիկանի վրա, չենթարկվելով վիճաբանությունը դադարեցնելու մասին վերջինիս օրինական պահանջներին, աթոռներով դիտավորությամբ հարվածներ են հասցրել նրա գլխին ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դրանից հետո Վլադիմիր Գ.-ն դանակով սպառնալիքներ է տվել Արման Ֆ.-ին, ապա Նելլի Գ.-ին առաջարկել է հափշտակել նրա հաշվեցուցակային զենքը եւ դրանով էլ սպանել վերջինիս: Վլադիմիր Գ.-ն այդ ժամանակ փորձել է խլել օպերլիազոր Արման Ֆ.-ի զենքը, սակայն նա տանտերերին նախազգուշացրել է վիճաբանությունը շարունակելու դեպքում կրակելու մասին եւ արձակել է նախազգուշական կրակոց:
Վլադիմիր Գ.-ն եւ Նելլի Գ.-ն օպերլիազորին վայր են գցել, եւ շարունակել հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում Վլադիմիր Գ.-ն կրկին ոստիկանից փորձել է խլել զենքը, որից հետո Արման Ֆ.-ն կրակել է վերջինիս ոտքին:
Վլադիմիր Գ.-ն եւ Նելլի Գ.-ն հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով Վլադիմիր Գ.-ին եւ Նելլի Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ 34-238-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Վլադիմիր Գ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Հետագայում գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Նախաքննությունը շարունակվում է: