ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով իր համակարգում առկա խնդիրներից, նշեց, որ այդ խնդիրները բոլորն էլ գիտեն և դրանք վերաբերում են դատական իշխանությանը, կատարողական և նոտարական համակարգերին, զագսին, փաստաբանությանը և իրավաբանությանը:

«Այս բոլոր ոլորտներում մենք խնդիրներ ունենք և բոլոր նախարարներն էլ նման խնդիրներ ունենալու են, չկարծեք, որ սպեցիֆիկ է միայն Հայաստանի հանրապետությանը: Ես կարող եմ ձեզ նմանատիպ խնդիրներ ներկայացնել և Գերմանիայում և Էստոնիայում, սա որակական փոփոխությունների մի հատված է և մենք պետք է առաջիկա 2-3 տարվա ընթացքում կատարենք, դրանից հետո նոր միայն կարող ենք խոսել ընթացիկ խնդիրների մասին, բայց արդյունավետ  և հաշվետու դատական իշխանության մասին, սրան մենք դեռևս հասնելու խնդիր ունենք»,-իր խոսքում նշեց Հրայր Թովմասյանը:

Հարցին, թե Հրայր Թովմասյանն իրեն տեսնում է նոր կառավարության կազմում պատասխանեց. «Դեռ 8 օր ժամանակ ունենք, երբ որ հանրապետության նախագահը պետք է խորհրդակցի ԱԺ խմբակցությունների հետ և վարչապետ նշանակի այն անձին, ով կստանա մեծամասնության աջակցությունը, որից հետո վարչապետը 20 օր ժամկետ ունի հանրապետության նախագահին ներկայացնելու կառավարության անդամների թեկնածուներին: Ես հիմա ձեզ ոնց պատասխանեմ, ես չեմ որոշողը ես կլինեմ, թե չեմ լինի, մի քիչ սպասեք էլի»: