Երեխան ավարտում է միջնակարգ դպրոցը և կանգնում է լուրջ խնդրի առաջ՝ ուսումը շարունակելու համար լավագույն տարբերակն ընտրելու հարցում, քանի որ գոյություն ունեն բազմաթիվ ուսումնական հաստատություններ, որոնք առաջարկում են նախամասնագիտական կրթություն: Պետակա՞ն, թե՞ մասնավոր ավագ դպրոցներն են ապահովում ավելի լավ կրթություն, թե՞ պետք է ընտրել երրորդ կամ չորրորդ տարբերակը. այս հարցերը առավել քան արդիական են դարձել վերջին տարիներին:
YerevanNews.am-ի թղթակիցը այս խնդիրների և հարցերի շուրջ զրուցեց Կրթության Գիտության Նախարարության Հանրակրթական վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ, ով հենց սկզբում նշեց, որ ավագ դպրոցների տարաջատումը միանշանակ արդարացված է, քանի որ երեխաները հնարավություն ունեն ընտրելու իրենց նախասիրություններին համապատասխան կրթություն: Այսօր այդ հարցն արդեն լուծված է:
Կազմակերպչական առումով խնդիրներ չկան: Երեխան ավարտում է, ծնողի հետ ընտրում են իրենց համապատասխան ավագ դպրոցը: Այլ հարց է, որ մրցակցության մեջ ոչ բոլոր ավագ դպրոցներն են վարկանիշային սանդղակում առաջատար դիրք գրավում: Տիկին Հովհաննիսյանն առանձնացրեց գյուղերում առկա խնդիրները, որտեղ ընդամենը մեկ դպրոց լինելու պատճառով երեխաները չեն օգտվում գործող հոսքային ուսուցումից:
Սակայն կան տվյալներ, որ քաղաքներին առավել մոտ գտնվող գյուղերի երեխաներն հաճախում են ավագ դպրոցներ: «Աշխատել ենք որքան հնարավոր է գյուղերին հնարավորինս մոտ տարածքներում ավագ դպրոցներ բացել»,- ասաց Հանրակրթական վարչության պետը և ավելացրեց, որ երեք տարիների համար այնպիսի ճկուն ուսումնական պլան է տրված, և մասնագիտական առումով կադրային այնպիսի մեծ փոփոխություններ են կատարվել, որ ավագ դպրոցում ստացած գիտելիքները հաստատ բավական են առանց կրկնուսույցի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
«Այն գիտելիքները, որ մեկ տարվա ընթացքում ձեռք են բերվում դասախոսի տանը, կարելի է ստանալ ավագ դպրոցներում: Պարզապես վստահության խնդիր կա, իներցիայի հետևանքով շատ ծնողներ նախըտրում են կրկնուսույցների օգնությանը դիմել: Շատ դեպքերում դա անում են դպրոցների հաշվին, այսինքն չեն հաճախում դպրոց: Սակայն ես համոզված եմ, որ շուտով այդ վստահությունը կմեծանա և ավելի շատ կսկսեն վստահել ավագ դպրոցներին: Կան նաև ծնողներ, որոնք նախընտրում են, որ իրենց երեխան և՛ հաճախի ավագ դպրոց, և՛ լրացուցիչ պարապի կրկնուսույցների մոտ: Մենք դրա դեմ պայքարելու խնդիր չունենք, մենք պարզապես ասում ենք, որ երեխան կարող է երեք տարի հաճախել ավագ դպրոց, լսել իր ուսուցիչներին, պարապել և անպայման կընդունվի ԲՈՒՀ»:
Նարինե Հովհաննիսյանը խոսեց նաև մասնավոր դպրոցների մասին, ասելով, որ օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուրը կարող է դպրոց բացել: Բայց այլ հարց է, որ ադ դպրոցները լիցենզավորում կանցնե՞ն, թե՞ ՝ոչ: Միանշանակ կարելի է վստահել այն դպրոցներին, որոնք անցել են լիցենզավորում: Այսօր գործող ավագ դպրոցներ կան, որոնք բավականին բարձր վարկանիշ ունեն: Ընտրության հարցում ծնողներն ազատ են: Կարող են ընտրել ինչպես պետական, այդպես էլ մասնավոր ավագ դպրոց: Մասնավորների տարբերությունը պետականներից կայանում է նրանում, որ դասարաններում ավելի քիչ թվով երեխաներ կան, և դա շատ ծնողներ առավելություն են համարում:
Որպես օրինակ անդրադառնալով բոլորովին վերջերս բացված «Global Bridge» -ին՝ Տիկին Հովհաննիսյանը նշեց, որ մասնավոր ուսումնական կենտրոնն ավագ դպրոց է բացել, որն անցել է լիցենզավորում և լիովին համապատասխանում է որակյալ ավագ դպրոց լինելու պահանջներին:
«Ծնողներն իրենք պետք է այցելեն, պայմաններին ծանոթանան և որոշեն, թե որ ավագ դպրոցն են ընտրում երեխաների հետագա ուսումն ապահովելու համար»: