Վանաձոր և Գյումրի քաղաքային համայնքների ներհամայնքային ճանապարհները բարեկարգելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրել է 600 մլն դրամ` յուրաքանչյուր մարզպետարանին 300 մլն դրամ։ Որոշման ընդունումը թելադրված է այն հանգամանքով, որ նշված քաղաքների կենտրոնական փողոցներն անմխիթար վիճակում են, իսկ երկրորդական փողոցները գրեթե անանցանելի են. ամբողջովին քայքայվել է փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթը, առաջացել են դժվարանցանելի խոր փոսեր։ Տիգրան Սարգսյանի հարցմանն ի պատասխան տեղեկություն է տրվել, որ քաղաքային համայնքները նույնպես համաֆինանսավորման սկզբունքով մասնակցում են փողոցների բարեկարգմանը։ Վերջին տարիներին իրականացվել է ներհամայնքային ճանապարհների բարելավման մի քանի ծրագիր։
Գործադրի պահուստային ֆոնդից մոտ 396 մլն դրամ է հատկացվել ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգման, ոլորտի հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով։ Մոտ 366 մլն դրամով իրականացվելու է Սևջուր գետի և ստորգետնյա ավազանների սակավաջրության դեմ պայքարելու ծրագիրը, 30 մլն դրամով Արմավիրի մարզում հորատվելու են խմելու ջրի խորքային հորեր։ Նիստի ժամանակ զեկուցվել է, որ բոլոր մայր ջրատարները պատրաստ են ոռոգման սեզոնին։ Ճիշտ է, ջրամբարների լցվածությունը դեռևս բավարար չէ, սակայն ապրիլ-մայիսին սպասվող տեղումները կարող են լրացնել այդ բացը։ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է, թե ջրի ապահովվածության տեսակետից ինչ համեմատություն կարելի է անել նախորդ տարվա հետ. պարզվել է, որ այսօրվա տվյալով վիճակն ավելի բարվոք է։
Շինարարական թույլտվություն ձեռք բերելու էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի ծրագրով ինստիտուցիոնալ հիմնադրամի դրամաշնորհի կատարումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը նշված դրամաշնորհի նամակ-համաձայնագրի իրականացման կառավարման խորհրդի լիազորությունը վերապահել է ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխման հանձնաժողովին։ Որոշումը միտված է աջակցելու ՀՀ պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, շուկայական հարաբերությունների պայմաններում պետության դերի հստակեցմանը, կառավարման կառուցվածքի կատարելագործմանը, կառավարման ապարատի աշխատողների թվի օպտիմալացմանը։ Էլեկտրոնային թույլտվության համակարգը կներդրվի եկող տարվա սկզբից, իսկ մինչև 2014 թ. ավարտը, ինչպես հավաստիացել է Տիգրան Սարգսյանը, այդ համակարգը կգործի ամբողջ երկրում։