Իմ հարգարժան գործընկեր լրագրողներին
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ անդրադառնալ համառորեն շրջանառվող և տիրաժավորվող լուրերին, թե ինչու մինչ այս պահը ԲՀԿ-ն սահմանադրական փոփոխությունների ներկայացրած առաջարկների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել։ Նախ, ուզում եմ իմ հարգարժան գործընկերներին հարցնել՝ ինչո՞ւ նույն հարցադրմամբ չեք դիմում, ասենք, Հանրապետական կուսակցությանը, Ժառանգությանը կամ, օրինակ, ՀՅԴ-ին, որոնք ևս մինչ այս պահը կուսակցության պաշտոնական դիրքորոշում չեն հայտնել։ Ավելին, սահմանադրական փոփոխություններով շահագրգիռ ՀՀԿ-ի տարբեր ներկայացուցիչներ հայտնում են միմյանց հակասող տեսակետներ ու կարծիքներ։ Առնվազն հասկանալի չէ, որ ձեզ հուզում է բացառապես ԲՀԿ-ի տեսակետը։
Մենք, իհարկե, շնորհակալ ենք նման հոգատարության և ուշադրության համար, սակայն թույլ տվեք ինքներս որոշենք մեր քաղաքական օրակարգը և ինքներս որոշենք, թե որ հարցի վերաբերյալ երբ և ինչ կերպ դիրքորոշում հայտնենք։ Դիմում ենք նաև տարբեր, վաղուց արդեն իրեց քաղաքական մահկանացուն կնքած քաղաքական ուժերի սոցիալական-ֆեյսբուքյան ակտիվիստներին, որոնք իրենց ողջ պարապ էնտուզիզմը ներդրել են՝ սոցիալական ցանցերի տիրույթներում ԲՀԿ-ին հետապնդելով։
Հանգստացեք և զբաղվեք ձեզ կերակրող քաղաքական սպառված ուժերի վերակենդանացման անիմաստ գործով։ Գուցե մի բան ստացվի։ Իսկ ժողովրդի անունից խորհուրդ եմ տալիս որևէ քաղաքական ուժի չխոսել և հղումներ չանել տարբեր թայֆեքի կողմից ձևավորված, իբր, «հանրային կարծիքներով»։ Ժողովուրդը բացառապես օտարված է այս գործընթացից, և հանրության օրակարգում սահմանադրական փոփոխությունների հարց չկա։ Հանրությունն ունի իր խնդիրները, որոնք բնավ կապ չունեն տարբեր թայֆեքի մտավարժանքների հետ։
Վահան Բադալյան՝ ֆեյսբուք