ԹԱՔՍՏՈՑ-ով դպրոցներ
Այսօր ուսումնական տարվա նախաշեմին ավանդական օգոստոյան խորհրդակցությունները մեկնարկել եմ Տավուշի մարզից։ Մարզպետարանում տեղի ունեցած հավաքից հետո այցելել եմ մի շարք սահմանապահ համայնքների դպրոցներ։
Մանկավարժն ինձ համար բժշկի նման մի մասնագիտություն է, որը պահանջում է Առաքելություն, ուրիշների երեխաներին մեծացնելու, կրթելու և դաստիարակելու ինքնանվիրում։ Սահմանամերձ դպրոցներում, հավատացեք, այդ առաքելության կարևորությունը բազմապատկվում է։ Թշնամու նշանառության տակ գտնվող դասարանում մանկավարժական աշխատանք իրականացնելու համար պարզապես ուսուցիչ լինելը բավարար չէ։ Պետք է ունենալ հոգու խորքում ինչ-որ հավելյալ լույս, ուժ, որ քեզ քաջալերում է հանապազօրյա փոքրիկ սխրանքի։
Դպրոց մտնելուց եռագույնի, զինանշանի, օրհներգի և Նախագահի կողքին աչքի է ընկնում մեկ այլ դիտանյութ։ ԹԱՔՍՏՈՑ գրվածքը A4 ձևաչափի թղթի վրա ուղեկցվում է ուղղորդող սլաքներով։
Մեր երեխաները այդ դպրոցներում ոչ միայն կյանքի ուղեգիր են ստանում, այլ նաև կյանքի փրկության ամենակարճ ճանապարհն են ստիպված սովորում` պայքարելով իրենց Հայրենիքի այդ հողակտորում հայ մնալու և ապագա կերտելու իրավունքի համար։
Իմ անսահման երախտագիտությունն ու հարգանքն եմ կրկին հայտնում մեր սահմանամերձ գյուղերի դպրոցների մանկավարժներին։
Շնորհակալ եմ, որ կաք կրթության համակարգում։
Արմեն Աշոտյան՝ ֆեյսբուք