«Հրապարակ» թերթը գրում է.

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը դիմում է ներկայացրել Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) դեմ։ Նշենք, որ սա պատգամավորի դեմ արդեն երկրորդ դիմումն է նույն հանձնաժողովին։ Առաջինը տեղի ունեցավ մոտ մեկ տարի առաջ՝ հայտնի «գազային պայմանագրերի» վավերացման ժամանակ, երբ Մովսիսյանը վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել լրագրողների հասցեին։ Այդ ժամանակ ԱԺ էթիկայի հանձնաժողովը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ, բավարարել էր դիմումը՝ փաստելով, որ իշխանական պատգամավորն էթիկայի խախտում է թույլ տվել։ Այս որոշումը, սակայն, որևէ ազդեցություն չունեցավ հայհոյանքների ու վիրավորանքների մեծ սիրահար ՀՀԿ-ականի վրա, և նա ոչ միայն արհամարհական տոնով արտահայտվեց նույն այդ հանձնաժողովի նկատմամբ, որի նախագահն իր խմբակցության անդամն է, այլեւ շարունակեց նմանատիպ վարք դրսևորել։

Ամիսներ առաջ նա կրկին հայտնվեց լրատվամիջոցների և հասարակական սեկտորի քննադատության թիրախում, երբ, հանդես գալով Սեյրան Օհանյանի անձի և ընտանիքի պաշտպանության դիրքերից, սպառնացել էր գլխատել կամ բռնաբարել բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն Օհանյանի անձի ու ընտանիքի հասցեին որևէ բացասական արտահայտություն անել։ Ուստի, այս առումով, այժմ էլ Շմայսի դեմ որոշել է ԱԺ էթիկայի հանձնաժողովում «գործ հարուցել» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան՝ ի դեմս դրա ղեկավար Արթուր Սաքունցի։ Նշենք, որ հանձնաժողովի նախագահը թեպետ փոխվել է, բայց կրկին ՀՀԿ-ական է՝ Արփինե Հովհաննիսյանը, և եթե որոշվի դիմումը վարույթ ընդունել, ապա այս անգամ էլ նա պետք է ստիպված լինի իր խմբակցության անդամի վերաբերյալ երկրորդ անգամ որոշում կայացնել՝ խախտե՞լ է նա էթիկայի նորմերը, թե՞ ոչ։

Առաքել Մովսիսյանը չցանկացավ այս թեմայով մեզ հետ հեռախոսով զրուցել։ Հարցը լսելուն պես նա հարցրեց․ «Վերջացրի՞ր։ Հեռախոսով չեմ խոսում, հաջողություն»։

Զրուցեցինք նաև էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հետ։ Վերջինս ասաց, որ ինքն այս պահին իրավասու է ասել միայն, որ էթիկայի հանձնաժողովը դիմում ստացել է, որի առնչությամբ իրազեկել է հանձնաժողովի անդամներին։ Սակայն չցանկացավ մանրամասնել դիմումի բովանդակությունը․ «Նկատի ունենալով օրենքի պահանջը՝ ես իրավասու չեմ բացահայտել դիմումի բովանդակությունը։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ փաստել, որ քանի որ դիմումն ստանալու (ԱԺ), մուտքագրվելու ժամկետները համընկել են արձակուրդ գնալու պաշտոնական ժամանակաշրջանի հետ, ուստի օրենքում նախատեսված ժամկետները կսկսեն հոսել արձակուրդի ավարտից հետո։ Այդ առումով կարծում եմ՝ նիստը կլինի օգոստոսի 31-ին կամ սեպտեմբերի 1-ին»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: