ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ոսկերչական սրահից գողություն կատարած անձի ինքնությունը։
Դեպքը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 30-ին. առերևույթ հանցագործություն կատարած անձինք Երևան քաղաքի ոսկերչական սրահներից մեկում հափշտակել են 12-13 գրամ քաշով ոսկյա թևնոց՝ քաղաքացուն պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Գողություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Նախաքննության ընթացքում ստացվել են ոսկերչական սրահի հարակից տարածքում տեղադրված տեսագրող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, որտեղ արձանագրված է գողության դրվագը:
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտելու, և միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձանց կամ որևէ տեղեություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: