«Հրապարակն» այսօրվա համարում ընդարձակ հրապարակմամբ անդրադարձել է «Արմավիայի» հետ կապված իրավիճակին` մասնավորապես շեշտադրելով` «Եվ այսպես, նախկին օլիգարխ Միկա Բաղդասարովին բաժին ընկավ բիզնեսը կորցնելու ամենացավոտ ու ամենաքայքայիչ ճանապարհը` սնանկ ճանաչվել և մասնակցել մի գործընթացի, որը վնասում է ոչ միայն գործարարի համբավին և գրպանին, այլև «Արմավիայի» պես առանցքային ընկերության դեպքում լուրջ խնդիրներ է առաջացնում շուկայում և քաղաքացիների համար: 2006-2008 թթ.-ին ծաղկող, իսկ 2008-ից հետո դեպի անկում գնացող «Արմավիայի» սնանկացումը կանխորոշված էր, քանի որ «Արմավիայի» տիրոջ կապիտալի ակունքներում երկու նախագահներն էին: «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության սնանկացման շրջանում`2000 թվականից հետո, շատ է գրվել այն մասին, որ այն ժամանակվա նախագահ Քոչարյանը, պաշտպանության նախագահ Սերժ Սարգսյանը, որի մատակարարն էր Միկա Բաղդասարովը, և «Մուլտի գրուպի» սեփականատեր Ծառուկյանն աներևույթ գործարքի գնացին` սնանկացնել «Հայկական ավիաուղիները», դրանք փոխանցել Բաղդասարովին, որը նաև վառելիքի մատակարարը կլինի: Օդանավակայանի և վերգետնյա ծառայությունները Քոչարյանի ոլորտն էին դառնում, որի հիմնական գործընկերն արգենտինահայ միլիոնատեր Էռնեկյանն է, իսկ Ծառուկյանին էր անցնում ավիաչվերթների սննդային ապահովումը: Քոչարյանի նախագահության տարիներին օլիգարխը և ազգային ավիափոխադրողն ուներ գործադիր և օրենսդիր իշխանությունների բացարձակ աջակցությունը, իսկ 2008-ից հետո պետությունը ձեռքը քաշեց Բաղդասարովի գլխից` երկու նախագահների համատեղ ջանքերով ստեղծված կապիտալը տանելով ոչնչացման և մասնատման: Այսպիսով, Բաղդասարովին կարելի է երկու նախագահների քաղաքական ապահարզանի զոհը համարել»: