Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ դատավոր Մ.Պապոյանի նախագահությամբ շարունակվում էր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Սվետլանա Գևորգյանի, կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խաչիկ Ազիզյանի, Համակարգչային գրաֆիկայի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանի, ամուսիններ Արմինե Ենոքյանի և Արայիկ Ֆահրադյանի գործով դատական քննության հերթական նիստը: Նիստի ընթացքում հարցաքննվում էր Արմինե Ենոքյանը, ով հայտնեց դեպքի մասին մանրամասներ: Նրա ցուցմունքից պարզ դարձավ, որ նախաքննության ժամանակ ինքը քննիչներին ասել էր, թե ամուսնու հետ նախնական համաձայնության գալով` որոշել էին ընդունել Խաչիկ Ազիզյանի այն առաջարկը, որ վճարեն գոնե 3500 ԱՄՆ դոլար, որպեսզի որդին` Էդուարդ Բարբարյանը սովորի ակադեմիայում անվճար համակարգում: Սակայն դատաքննության ժամանակ նրա ցուցմունքում նկատվեց էական տարբերություն. այստեղ նա հայտնեց, որ ամուսինը մինչև վերջին պահն էլ դեմ է եղել գումար տալու գաղափարին, և այդ հարցի շուրջ նրանց վիճաբանությունները հասցրել են ամուսնալուծության շեմին: Դատախազ Գրիգորյանի հարցին, թե ինչու է նա նախաքննությանը սխալ ցուցմունք տվել, Ենոքյանը պատասխանեց, որ ամաչել է և չի ցանկացել իր ընտանիքին վերաբերող անձնական հարցերը հրապարակայնացնել և որ այդ պահին չի իմացել, որ ամեն մանրուք այդքան կարևոր և էական կարող էլինել: Իր խոսքերով,ինքը պարզապես մտածել է, որ այն հանգամանքը, որ Էդուարդը Արայիկի որդին չէ, իր մոտ կարծիք է առաջացրել որ Արայիկը պատճառ չուներ անհանգստանալու Էդուարդի մասին: Ա.Ենոքյանը դատարանին հայտնեց նաև, որ Էդուարդի անվճար անցնելը պետք էր նրանց վերջինիս բանակից ազատվելու համար: 
Նախաքննությանը և դատաքննությանը տված ցուցմունքներում առկա էական տարբերություների միակ <>, ըստ Ենոքյանի, քննիչն էր, ով հարցաքննում էր. Ենոքյանը գրում էր այն, ինչ ասում էր քննիչը: Այն դեպքերում, երբ պետք է գրեր իր անունից, գրում էր իր և ամուսնու անունից, իսկ մեկ այլ հայտարարությամբ` Ազիզյանի հետ գումարի մասին վերջնական որոշման եկել է Ֆահրադյան հեռախոսի միջոցով, իսկ դատաքննությանը նշեց, որ հանդիպել են ինքն ու ամուսինը Ազիզյանի հետ և եկել են ընդհանուր համաձայնության: Ենոքյանը նաև նշեց, որ անգամ ընդունելության քննությանը Ազիզյանը ոչնչով չի օգնել Էդուարդին, իսկ այս մասին ինքը տեղեկացել է հենց որդուց, իսկ բողոքարկման համար դիմելով Ազիզյանին` վերջինս չի թույլատրել` պատճառաբանելով, որ հնարավոր է, որ գնահատականը դրանից ավելի իջնի: Ազիզյանի այն հարցին, թե ինչ է Ենոքյանը հասկանում օգնել ասելով, արդյոք նա մտածում է` օգնել նշանակում է նրա փոխարեն նկարել, Ենոքյանը պատասխանեց, որ որդու վճարովի ընդունվելն ամեն ինչ ասում է և որ որդին առանց այդ գումարը տալու էլ կարող էր ընդունվել, քանի որ նրա հետ պարապող ուսուցիչները գովաբանել են Էդուարդի աշխատանքը: 
Ենոքյանը նաև ավելացրեց, որ ոստիկանություն դիմելու գաղափարը հղացավ այն ժամանակ, երբ Ազիզյանը մնացած 1000 ԱՄՆ դոլարը հրաժարվում էր տալ, սակայն ոստիկանություն դիմելով իրենք նույնպես հայտնվեցին ամբաստանյալի աթոռին:
Հիշեցնենք, որ Ս.Գևորգյանին, Հ.Փայասլյանին և Խ.Ազիզյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, աշխատելով Գեղարվեստի ակադեմիայում, 2012 թվականին ընդգրկվելով ընդունող հանձնաժողովի անձնակազմում Ա.Ֆահրադյանից և Ա. Ենոքյանից վերցրել են 3500 ԱՄՆ դոլարին համարժեք կաշառք, որպեսզի Է.Բարբարյանը ընդունվի Գեղարվեստի ակադեմիա: Ա.Ենոքյանին և Ա.Ֆահրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնության գալով` Խ.Ազիզյանին տվել են 3500 ԱՄՆ դոլարին համարժեք կաշառք Է.Բարբարյանի` Գեղարվեստի ակադեմիայում անվճար ընդունվելու համար:


Տաթև Հարությունյան