«Ես որևէ բանից տեղյակ չեմ, որևէ բան չեմ կազմակերպել: Մի քանի օր առաջ Երևանում էի` մասնակցել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, որը շատ լավ անցավ: Հիմա գտնվում եմ Փարիզում», երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` անդրադառնալով այն տեղեկություններին, թե ինքը լուրջ դերակատարություն է ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի ու հանդիպումների կազմակերպման գործում: Միաժամանակ Արա Աբրահամյանն ասել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներն ունեին նաև դրական կողմ: Ըստ նրա` դրանք ցույց տվեցին իշխանություններին, որ երկրում լուրջ խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում: «Երկրում լուրջ փոփոխություններ են պետք, ժողովուրդը շատ ծանր վիճակում է ապրում»,-ասել է Արա Աբրահամյանը: Թերթը հիշեցնում է, որ, ինչպես նախօրեին տեղեկացրել էր 168.am-ը, ըստ մոսկովյան աղբյուրների` Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածաշրջանային և արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չեռնովի հետ: «Ժառանգությունից» պաշտոնապես այս տեղեկությունը չեն հերքել: