«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքները կստացվեն 16 շաբաթ հետո:

Ըստ Նազարյանի՝ խորհրդատվության եզրակացության պատրաստման աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսին: Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչև այս տարվա դեկտեմբերի կեսը խորհրդատվության եզրակացությունն արդեն պատրաստ կլինի: Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ սպառողին մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացումը` 6,93 դրամը, փոխհատուցվելու է մինչև այդ փաստաթղթի պատրաստ լինելը:

Ասել է թե՝ ՀՀ իշխանությունները պլանավորում են էլէներգիայի սակագինը փոխհատուցել մինչև այս տարվա վերջ: Իհարկե, ՀՀ ղեկավարությունից ոչ մեկը դեռ չի խոստովանում, որ իրենք մտադիր են եկող տարվա սկզբից բարձրացնել էլէներգիայի սակագինը, բայց առկա զարգացումները հենց այդ մասին են վկայում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: