Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հարցազրույց է կազմակերպել Երևանի ավագանու ընտրություններում Գագիկ Ծառուկյանի ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի հետ, ով 10 տարի գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարությունը և ավարտել է Հարվորդի, Ֆլետչերի և Թաֆտի համալսարանները:
Regnum գործակալությունը, անդրադառնալով օրերս տեղի ունեցած Սարգսյանի երդումնակալությանը, հարց է առաջադրել Վարդան Օսկանյանին, որպես ԱԳ նախկին նախարար, ինչպե՞ս եք գնահատում, արտաքին քաղաքականության մեջ ինչ ժառանգություն կթողնի Սերժ Սարգսյանը 2018 թվականից հետո:
Վարդան Օսկանյանը այս հարցին ի պատասխան նշել է, որ ամեն ինչ կախված է այս առաջիկա հինգ տարիներից, քանի որ նախորդ հինգ տարիների ընթացքում ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Նա նաև ավելացրել է, որ շատ բան կարելի է փոխել և կարելի է դա անել արագ և արդյունավետ տարբերակով, սակայն դրա համար անհարժեշտ է քաղաքական կամք:
Օսկանյանը նաև նշել է, որ պետք է քաղաքական դաշտում վերացնել մենիշխանությունը և ստեղծել հակակշիռ արդյունավետ համակարգ: Միայն դրանից հետո հնարավոր կլինի փոխել վիճակը երկրի ներսում, լուծել տնտեսական խնդիրներ և բարելավել քաղաքացիների կյանքը: Այսպիսով երկրորդ նախագահական շրջանի առաջին տարվա վճռորոշ հանգամանքը կլինի Սարգսյանի քաղաքական կամքը, որից հետո միայն պարզ կլինի ինչ է հնարավոր փոխել:
Արտաքին քաղաքականության այն հարցին, թե Հայաստանը կանգնած է ընտրության առաջ Ռուսաստան, թե Արևմուտք, Օսկանյանը պատասխանել է, որ այսօր կոմպլիմենտարիզմը չի աշխատում, քանի որ վերջինիս հիմնական երաշխիքը հրապարակային լինելն է, որն այսօր գոյություն չունի:
Նա նաև ավելացրել է, որ այսօր արտաքին քաղաքականության մեջ գոյություն չունի հստակ գաղափարական հիմք, որով առաջնորդվում է Հայաստանը:
Այն հարցին, թե կարելի է ասել, որ կոմպլիմենտարիզմը փոխարինվել է քաղաքական բալանսով, Օսկանյանը պատասխանել է. «Այսօր Հայաստանը վարում է բազմավեկտորային քաղաքականություն: Հայաստանը լինելով հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ զուգահեռ բարելավում է հարաբերությունները ՆԱՏՈ-ի հետ»:
Regnum գործակալությունը նաև անդրադարձել է Սերժ Սարգսյանի երդումնակալության ելույթին հարց առաջադրելով արդյո՞ք Հայաստանն իվիճակի է պաշտպանել իր ռազմաքաղաքական և տնտեսական հետաքրքրությունները Լեռնային Ղարաբաղում:
ՀՀ նախկին արտգործնախարարը պատասխանել է. «Արտաքին քաղաքականության մեջ շատ բան կախված է երկրի ներքին քաղաքականությունից, որն էլ թելադրում է արտաքին քաղաքականությունը»:
Օսկանյանը նաև ավելացրել է, որ այստեղ ամենամեծ խնդիրն արտագաղթն է, որն արդեն վտանգ է ներկայացնում ազգային անվտանգությանը: Անդրադառնալով արտաքին մարտահրավերներին` Օսկանյանը նշել է, որ հայ ժողովուրդը պատերազմի դեպքում կմիավորվի, սակայն պետք չէ նստել և սպասել պատերազմի, այլ պետք է հզորացնել ներքին քաղաքականությունը և միայն այդ դեպքում քիչ կլինի արտաքին ագրեսիայի հավանականությունը:
Անդրադառնալով Հայաստան- Թուրքիա հարաբերություններին և հայերի ցեղասպանության 100 տարելիցին` Օսկանյանը նշել է. «Չպետք է խաղալ թուրքական կանոններով» և ավելացրել, որ ինչքան էլ կարևոր է միջազգային հանրության կողմից ցեասպանության ճանաչումը, սակայն ամբողջ ուշադրությունը չպետք է գամել այդ հարցին և զուգահեռ պետք է աշխատել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են մեր իրավունքները, սեփականությունը, սահմանների բացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Անդրադառնալով Հայաստան- սփյուռք հարաբերություններին և այն հանգամանքին, որ Թուրքիայի հետ արձանագրությունների ստորագրումը իրենց բացասական ազդեցությունն են ունեցել` Օսկանյանը նշել է, որ արդեն հինգ տարի է ինչ Հայաստանի և սփյուռքի հարաբերություններն արժանի մակարդակի վրա չեն, պակասել են բարեգործական ֆոնդերի և դոնորների հոսքը Հայաստան:
Նա այս ամենի պատճառը համարել է գաղափարական հենքի և իրական ծրագրերի բացակայությունը, որի հիմնական պատճառը սփյուռքի նախարարության անարդյունավետ աշխատանքն է: