Հակառակորդը արդեն քանի օր է դրսևորում է աննախադեպ ինտենսիվություն: Մերթընդմերթ կրակահերթի տակ են հայտնվում Տավուշի մարզում գտնվող սահմանային գյուղերը, ինչի հետևանքով նյութական վնասներ են կրում գյուղացիները, կան նաև վիրավորներ:
Հակառակորդի դրսևորած ակտիվության մասին YerevanNews.am-ը զրուցեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի հետ, ով ասաց.
- Ավելի քան 2 տասնամյակ մենք ունենք նույն իրավիճակը. ինչ-որ գրաֆիկով, ժամանակ առ ժամանակ նմանատիպ իրադարձություններ են տեղի ունենում: Ադրբեջանը այս գործողություններով փորձում է 2-3 բան ցուցադրի. առաջինը, որ ինքը չի մերվել քաղաքական այն իրադրության հետ, որը արդեն երկար ժամանակ է ստեղծվել և պահպանվում է հակամարտության գոտում: Երկրորդը, որ ինքը չի մերվել Ղարաբաղի կորստի հետ և երրոդը՝ փորձում է որոշ չափով լրջություն մտցնել իր ամենօրյա սպառնալիքների մեջ՝ վերսկսել ռազմական գործողությունները, որոնք սպառնալիքներ էլ մնում են, բայց, ցավոք սրտի, միջադեպերը շփման գոտում՝ և՛ Ղարաբաղում, և՛ հայ-ադրբեջանական պետական սահմանին շարունակվում են:
Ձեր կարծիքով այս վարքագիծը աննախադե՞պ չէ:
- Ոչ, պարզապես վերջին 1-2 տարվա ընթացքում մենք տեսանք, որ Ադրբեջանը ավելացնում է զենքերի, զինատեսակների թիվը: Եթե առաջ սա տեղի էր ունենում ինչ-որ թեթև զենքերի միջոցով, ապա այս անգամ նրանք կիրառում են ականանետներ և նույնիսկ հրետանի:
Կարծիք կա նաև, որ սա կապված է ՀՀ-ում անցկացվող «Շանթ-2015» զորավարժությունների հետ:
- Իրականում, լարվածությունը շփման գոտում սկսվել էր, դեռ մի քանի օր առաջ՝ մինչև այդ զորավարժությունները: Չգիտեմ, միգուցե Ադրբեջանում ինչ-որ ձևով արձագանքում են նաև դրան, բայց, համենայնդեպս, դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ դրանք անիմաստ, ոչ ռազմական, ոչ քաղաքական հարցեր լուծող գործողություններ են, որոնք ադրբեջանցիները իրականացնում են, որովհետև այլ միջոցի չեն կարող գնալ. ո՛չ կարող են ընդունել մադրիդյան սկզբունքները, ո՛չ էլ ի վիճակի են սկսել լայնամասշտաբ պատերազմ Հայաստանի և Արցախի դեմ, հետևաբար իրենց մնում է անել այն, ինչ անում են:
Այսինքն, լայնամասշտաբ պատերազմ սկսել ի վիճակի են, հաղթել՝ դժվար, հետևաբար չեն սկսում:
Տեղեկություններ կան, որ ադրբեջանական գյուղերում խուճապ է:
Հասկանալի է, երբ գնդակոծում են հայկական գյուղերը, ապա պատասխան լինում է ադրբեջանական գյուղերի ուղղությամբ, բայց ես չեմ տեսնում այդտեղ ոչ մի մխիթարանք և ուրախություն, որովհետև երկու կողմերից էլ առաջին հերթին տուժում են խաղաղ բնակչությունը՝ զոհ դառնալով Ադրբեջանի ղեկավարության այդ քաղաքականությանը: