Ինչպես հայտնել ենք, հայ հասարակության երկար «տանջանքներից» հետո հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարի թափուր մնացած պաշտոնը կզբաղեցնի 32-ամյա ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Արփինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական տվեց հուլիսի 14-ին. ուղիղ 52 օր պահանջվեց նոր նախարար ընտրելու և նշանակելու համար: Մամուլում Հովհաննես Մանուկյանի անսպասելի հեռանալու հիմնական պատճառ էր նշվում նրա ներգրավածությունը ինչ-որ մութ պատմության մեջ՝ կապված նրա մասնակցությամբ սկանդալային տեսանյութի հետ: Ինչևէ, ժողովրդի լեզվով ասած՝ «հին մեռելներին հանգիստ թողնենք»: 

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, նորաթուխ նախարարը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեցին Արդարադատության նախարարություն, ուր նրանց դիմավորեցին նախարարության ղեկավար կազմը, այդ թվում՝ դատական ակտերի հարկադիր կատարման պետ Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրան) և կալանավայրերի վարչության պետ Արթուր Օսիկյանը:

ԸՆդ որում՝ Օսիկյանի անունը բազմիցս նշվել է որպես Արդարադատության նախարարի թեկնածու:

Այս ամբողջ թոհուբոհի մեջ աչքի է զարնում այն, որ Քեթրինի Միհրանը նորանշանակ նախարարին դիմավորեց մի փունջ սպիտակ և նրբաճաշակ վարդերի փնջով: Նրա ջենտլմենության այս դրսևորումը միգուցե ուղղված էր նոր նախարարի սիրտը շահելուն, ով իր հերթին աչք կփակի նրա «անարդարությունների» վրա:

Ամբողջ Հայաստանին հայտնի է, որ «Քեթրին գրուպ» ընկերությունը պատկանում է ԴԱՀԿ պետին, բայց նա համառորեն շարունակում է հերքել այս տեղեկությունը: Բացի Միհրան Պողոսյանի բիզնեսներից, ուշադրության է արժանի նաև ԴԱՀԿ ծառայության գործունեությունը, որը նույնպես զերծ չէ անօրինություններից: 

Ըստ «չար լեզուների»՝ Արփինե Հովհաննիսյանը չի կարողանա ամբողջովին ստանձնել վերադասի պարտականությունները և իրեն ենթարկեցնել ԴԱՀԿ ծառայության պետին: Ամեն դեպքում, արժե հուսալ, որ Արփինե Հովհաննիսյանը չի խաբնվի Միհրան Պողոսյանի «սիրալիրությանը» և կկարողանա որոշակի փոփոխություններ մտցնել ոլորտում: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի