Ստավրոպոլի շրջանի Գեորգևյան քաղաքում տեղաի դպրոցի 14 ամյա աշակերտը մահացել է սրտի կաթվածից համակարգչի դիմաց հինգ ժամից ավել անցկացնելու պատճառով:
Դասերից հետո ութերորդ դասարանի աշակերտ Ալեկսեյը վերադարձել է տուն իր ընկերների հետ, որպեսզի միասին խաղան հայտնի Counter-Strike համակարգչային խաղը:
Խաղով տարված աշակերտները չեն նկատել, թե ինչպես է թռել ժամը: Ի վերջո 14 ամյա Ալեկսեյը գնացել է խոհանոց ջուր խմելու և ուշագնաց եղել: Վերջինիս ընկերները շտապել են զանգել ծնողներին, քանի որ գիտեին դեռահասի սրտի խրոնիկ հիվանդության մասին:
«Նախնական տվյալներով երեխան տանը իր ընկերների հետ Counter-Strike համակարգչային խաղը խաղալուց հետո զգացել է առողջության կտրուկ վատթարացում»,- այս մասին Lifenews-ին հայտնել է հետաքննության վարչության քննիչ Ելենա Գրիշկոն և ավելացրել, որ վերջիններս այդ դեպքից հետո դուրս եկել տնից հարևաններին օգնության կանչելու համար և վերադառնալով տեսել են, որ անչափահասը կյանքի նշաններ ցույց չի տալիս:
Ալեկսեյի ընկերների խոսքերով նրանք մի քանի անգամ կանչել են շտապ օգնություն և այդ ընթացքում փորձել են ինքնուրույն նրան ուշքի բերել, սակայն նրանց բոլոր ջանքերը ապարդյուն են անցել, իսկ երբ ժամանել է շտապ օգնությունը երեխան արդեն մահացած է եղել: Բժիշկները վերջինիս մոտ ախտորոշել են սուր թթվածնային անբավարարություն: