Հայաստանյան որոշ բանկերի կողմից վարած քաղաքականությունը կարելի է անվանել հակազգային, քանի որ այն հակասում է ազգային շահերին և ուղղորդված է միայն սեփական շահերի ու եկամուտների մեծացմանը: Այս բանկերի գերնպատակը եկամուտների նորանոր աղբյուրների ձևավորումն է՝ անկախ դրանից բխող հետևանքների: Այս գործելոաճով բանկերը ուղղակիրորեն կորցնում են իրենց հաճախորդներին:

Օրերս, YerevanNews.am-ի խմբագրություն ահազանգ ստացվեց քաղաքացու կողմից, ում չափազանց զայրացրել էր «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործելաոճը: ՀՀ քաղաքացին մետաղադրամներով կուտակել է որոշակի X գումար (պայմանական 100 000 դրամ), որը ցանկանում է վերածել թղթադրամի:

Բանկի դրամարկղում կատարելով նշված գործարքը՝ պարզվել է, որ ազգային արժույթով մետաղադրամը ազգային արժույթով թղթադրամի վերածելու համար «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում անհրաժեշտ է վճարել սպասարկման ծառայության վճար: Քաղաքացին X չափի մետաղադրամը թղթադրամի վերածելու համար պարտավորված է վճարել Y չափի սպասարկման ծառայության վճար (պայմանական 2000 դրամ): Տվյալ դեպքը տեղի է ունեցել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի Շենգավիթ մասնաճյուղում:

Նա՝ լինելով ՀՀ քաղաքացի, հաշվի առնելով, որ տվյալ բանկը աշխատում է ՀՀ տարածքում, ՀՀ դրամը վերածում է այլ տեսակի ՀՀ դրամի, ինչի համար վճարում է սպասարկման ծառայության վճար: Նշենք, որ նույն քաղաքացին զանգահարում է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի կենտրոնական մասնաճյուղ, որտեղից ակնկալում է ստանալ իր հարցի պատասխանը, սակայն նրան խնդրում են սպասել. 15 րոպե սպասելուց հետո քաղաքացին ընդհատում է հեռախոսազանգը:

Թե ինչ հիմքով է տվյալ բանկը իր հաճախորդներից պահանջում տվյալ գործարքի համար սպասարկման ծառայության վճար, մենք փորձեցինք պարզել Կենտրոնական բանկից, որտեղից մեզ պատասխանեցին (ստորև՝ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության գրավոր պատասխանը).

«Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2005 թ-ի ապրիլի 26-ին թիվ 199 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի 4-րդ կանոնի 4.4 կետի, «Բանկերը պարտավոր են իրենց հաճախորդներից ընդունել և նրանց ցանկությամբ փոխանակել մեկ անվանական արժեքի դրամանիշերը մեկ այլ անվանական արժեքի դրամանիշերով՝ անվճար: Բանկերը կարող են իրենց հաճախորդներ չհանդիսացող կազմակերպություններից (ինչպես նաև անհատ քաղաքացիներից) ընդունել և նրանց ցանկությամբ փոխանակել մեկ անվանական արժեքի դրամանիշերը մեկ այլ անվանական արժեքի դրամանիշերով՝ յուրաքանչյուր դրամանիշից մինչև 50-ական հատը անվճար, իսկ մնացած մասը իրենց կողմից սահմանված սակագների համաձայն»»:

Գրավոր հարցման պատասխանից պարզ է դառնում, որ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործողությունները օրինախախտ չեն, այլ ուղղակի պայմանավորված են քաղաքացիների հաշվին գերշահույթ ստանալու նպատակով: Պարզեցինք նաև, որ նման գործելաոճ ունեն հայաստանյան ևս մի քանի բանկեր, սակայն, ոչ բոլորը:

Այս պարագայում նշված բանկը կարող է ուղղակիորեն զրկվել իր հաճախորդներից, ովքեր, բնականաբար, կնախընտրեն օգտվել մեկ այլ բանկի ծառայություններից և լրացուցիչ գումար չեն վճարի: