Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Վիրաբ Հ.-ի և Նարեկ Ծ.-ի:

Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վիրաբ Հ.-ն, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ X զորամասի 3-րդ գումարտակի 3-րդ մարտկոցի 3-րդ դասակի 1-ին ջոկի կուրսանտ, 23.11.2012թ.` ժամը 07:20-ի սահմաններում, զորամասի շարահրապարակում ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, խախտելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ և 65-րդ հոդվածներով սահմանված պահանջները, վազքի ընթացքում շարքը խախտելու և կուրսանտ Պարույր Կ.-ի կողմից կատարված դիտողությանը զազրախոսությամբ պատասխանելու համար, բռնություն է գործադրել` ոտքով հարվածել համածառայող, կուրսանտ Նարեկ Ծ.-ի հետույքին` ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը և վերջինս էլ բռնություն գործադրելով բռունցքով հարվածել է Վիրաբ Հ.- ի դեմքի շրջանին:

Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի` զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով՞-գրում է iravaban net:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: