Ապրիլի 16-ին Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննության կառնի Ազգային ժողովի երեք տասնյակից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա գործը, որով վիճարկում են ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը:

Գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը: Որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է ԱԺ կանոնակարգ-օրենքն ընդունած ԱԺ-ն:

ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասը սահմանում է, որ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (քվորումն ապահովված է):

Հիշեցնենք, որ ԱԺ-ի քաղաքական մեծամասնության կողմից նոյեմբերի 21-ի արտահերթ նիստի տապալման կապակցությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը նախաձեռնել էր ՍԴ դիմելու ստորագրահավաք` ԱԺ կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը` արտահերթ նիստ կամ նստաշրջան անցկացնելու մասով, ՀՀ Սահմանադրության 70-րդ և 71-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու խնդրանքով:

ՍԴ դիմելու համար անհրաժեշտ առնվազն 27 պատգամավորի փոխարեն ստորագրահավաքին միացել էին 34 պատգամավորներ` «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների բոլոր անդամները, ինչպես նաև պատգամավորներ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

Նախաձեռնությանը չմիացած ՀՅԴ խմբակցությունը նպատակահարմար գտավ նույն նիստի տապալման կապակցությամբ դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողով՝ արտահերթ նիստին չգրանցված 83 պատգամավորների կողմից ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված էթիկայի կանոնները խախտելու հարցով: Հանձնաժողովը փետրվարի 11-ի նիստում դիմումը մերժեց, քանի որ որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում էր ընդունել, որ 83 պատգամավորներից հատկապես նիստը միտումնավոր տապալած և այդ նպատակով չգրանցված ՀՀԿ և «Օրինաց երկիր» խմբակցությունների բոլոր անդամները խախտել են էթիկայի կանոնները, ստացավ երեքական «կողմ» և «դեմ» ձայներ: Որոշմանը կողմ էին ընդդիմադիր երեք խմբակցությունների անդամները` «Ժառանգություն»-ից Թևան Պողոսյանը, «Հայ ազգային կոնգրես»-ից Լյուդմիլա Սարգսյանը և ՀՅԴ-ից Վահան Հովհաննեսյանը, դեմ էին` հանրապետականներ Դավիթ Հարությունյանը և Կորյուն Նահապետյանը, ինչպես նաև նրանց միացած «Բարգավաճ Հայաստան»-ից Վահան Բաբայանը: «Օրինաց երկիր» խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը նիստից բացակայում էր: