Նոր ուշագրավ զարգացումներ են ուրվագծվում սիրիական հակամարտության շրջանակներում: Ավելի քան 4.5 տարի շարունակվող ներքին զինված առճակատման ընթացքում եզակի անգամ երկրի իշխանությունների դեմ ուղղված աննախադեպ զանգվածային բողոքի գործողություն է տեղի ունեցել Արաբական Հանրապետության հարավային՝ հիմնականում սիրիական էթնոդավանական փոքրամասնություն հանդիսացող դրուզներով բնակեցված ալ-Սուվայդա նահանգում:
Դեռևս սեպտեմբերի 4-ին նահանգի համանուն վարչական կենտրոնում՝ ալ-Սուվայդա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններից հետո, որոնց հետևանքով զոհվել է 25 մարդ, այդ թվում՝ անթաքույց հակաասադական դիրքորոշմամբ հայտնի դրուզ հոգևորական Վահիդ ալ-Բալուսը, հակաիշխանական բողոքի ակցիաներն ակնհայտորեն աճման միտում ունեն: Թեպետ սիրիական իշխանությունները պնդում են, որ ահաբեկչական հարձակումների հետևում կանգնած է երկրում «ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «ալ-Նուսրայի ճակատ» կազմակերպությունն, իսկ ահաբեկչական հարձակման ենթադրյալ կազմակերպիչը, ով ևս դրուզ է, բայց անդամակցում է ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ» կառույցի ճյուղավորումներից մեկին, այնուամենայնիվ, ակնհայտ ընդդիմադիր դիրքորոշմամբ դրուզ հոգևորականի սպանությունը, հատկապես հակամարտության տվյալ շրջափուլում միանշանակ ձեռնտու էր իշխանություններին: Այդ իսկ պատճառով բողոքի գործողությունները կրում են մեծամասամբ հակաիշխանական բնույթ:
Որոշ դեպքերում դրանք ունեցել են ծայրահեղական դրսևորումներ, ինչի հետևանքով տուժել են քաղաքի վարչական հաստատություններն, անգամ վնասվել է Բաշար ալ-Ասադի հոր՝ ՍԱՀ նախկին նախագահ Հաֆիզ ալ-Ասադի արձանը:
Դրուզական գործոնը բավականաչափ ուշագրավ տեղ ունի սիրիական հակամարտության շրջանակներում: Բանն այն է, որ այս համայնքը մինչև ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսները հիմնականում չեզոք դիրքորոշում ուներ, իսկ սիրիական հակամարտ գրեթե բոլոր կողմերն ամեն կերպ խուսափում էին դրուզների դեմ հարձակողական գործողություններ իրականացնել:
Դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ հիմնականում Մերձավոր Արևելքի 4 երկրներում (Իսրայել, Սիրիա, Լիբանան, մասամբ նաև Հորդանան) ապրող դրուզների անվտանգության երաշխավորն արտաքին ուժերն էին և հատկապես Իսրայելը: Ասել է, թե՝ դրուզների դեմ որևէ մասշտաբային գործողություն բարոյական, հետագայում անշուշտ նաև իրավական հիմքեր կստեղծեր Հրեական պետության համար՝ սիրիական հակամարտությանն ուղղակիորեն և բացեիբաց միջամտելու, իսկ տևական ռազմական գործողություններից ուժասպառ եղած սիրիական հակամարտ կողմերից որևէ մեկը չէր ցանկանա առճակատման նոր ճակատ բացել և հատկապես՝ հանձին Իսրայելի:
Այս համատեքստում, անգամ սիրիական հակամարտության մասնակիցներից ամենառազմատենչը՝ «Իսլամական պետությունը», մայիս-հունիս ամիսներին դրուզների դեմ նախաձեռնած սահմանափակ գործողություններն այդպես էլ չընդարձակեց՝ քաջ գիտակցելով նման իրավիճակում Իսրայելի հետ բախվելու անխուսափելիությունը:
Իսկ վերջին զարգացումները, մասնավորապես՝ սիրիական հակամարտության շրջանակներում դրուզների դիրքորոշման փոփոխության հնարավորությունն՝ ընդդեմ սիրիական վարչակարգի, որն, անշուշտ, մանևրելու հերթական առիթ կստեղծի սիրիական հակամարտության արտաքին որոշ մասնակիցների համար, կարող է որակապես նոր զարգացումների հող նախապատրաստել փաստացի մասնատված Սիրիայում՝ դրուզների ինքնորոշման գործընթացից, մինչև՝ դարձյալ Հրեական պետության ուղղակի միջամտության լայն հավանականություն:
Արմեն Պետրոսյան` facebook