Հունվարի 13-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների հարազատները երեկ՝ Մեռելոցի օրը, այցելեցին զոհ գնացած ընտանիքի գերեզմանատուն:

Չնայած անցել է բավական ժամանակ, բայց ինչպես մեզ հետ զրույցում ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ տիկին Ռիտան. «Մենք դեռ չենք կարողանում հաշտվել այդ կորուստների հետ, մենք մինչև օրս էլ Ավետիսյանների տուն չենք կարողանում մտնել, ամեն մի մանրուք մեզ հիշեցնում է նրանց: Մեր ցավն անընդհատ թարմ է մնալու քանի էդ հանցագործը չասի, թե ինչը նրան տարավ այդ ոճրագործությանը»:

Մինչ Ավետիսյանների հարազատները սպասում են, թե ի վերջո երբ հստակ կիմանան, թե ինչն էր Պերմյակովին ստիպել այդ քայլին գնալ, ոճրագործի հայրը` Պավել Պերմյակովը, շարունակում է վստահեցնել, որ որդին չէր կարող «այդպես գազանաբար սպանել մի ընտանիքի, ում չի էլ ճանաչել»: Պերմյակով ավագը մեզ հետ զրույցում նախ նկատեց.

– Դեռ չենք եկել Հայաստան, չենք տեսակցել Վալերիին, բայց Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարության ժամանակ անպայման կգանք եւ կմասնակցենք:

Որպեսզի գոնե այդ ժամանակ լինենք մեր տղայի կողքին: Ճիշտ է, շատ լավ հասկանում ենք, թե Հայաստանում մեզ ինչ արհամարհական կամ ավելի շուտ՝ թշնամական վերաբերմունք է սպասվելու, բայց չգալ եւ գոնե վերջին անգամ չտեսնել Վալերիին, չենք կարող: Ես համոզված եմ, որ որդուս կդատեն խստագույնս ու Աստված գիտի, թե ինչ կլինի իր հետ գաղութում: …Մենք էլ ոչինչ ի վիճակի չենք մտածելու, հասկանալու, ասելու: Մեզ համար շատ ու շատ հանգամանքներ այդպես էլ չբացահայտված կմնան: Բայց ես հիմա էլ եմ վստահ, որ Վալերին չէր կարող այդպես գազանաբար սպանել մի ընտանիքի, ում չի էլ ճանաչել, առավել եւս՝ փոքրիկներին. նա երեխաներ շատ էր սիրում:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: