Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Դոն Գրենթհեմի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հետ շարունակական համագործակցությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի զարգացնել և խորացնել: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև մայիսին ստորագրված հուշագիրը և պայմանագիրը նոր շունչ են հաղորդել երկկողմ կապերի ընդլայնմանն ու հիմք հանդիսացել նոր ու առավել արդյունավետ ծրագրերի իրականացման համար: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է ՏՏ ոլորտի ընկերությունների հաջող գործունեությունը մեր երկրում և նշել, որ նրանք Հայաստանը մրցունակ են դարձնում աշխարհի ամենազարգացած շուկաներում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել «Մայքրոսոֆթ»-ի աջակցությունը, որն իրականացվում է ՀՀ-ում գործող ինովացիոն կենտրոնի և այլ նախաձեռնությունների միջոցով և կարևորել նոր նախաձեռնությունների շարունակական կյանքի կոչումը:
Իր հերթին, Դոն Գերնթհեմը նշել է, որ ուրախ է ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության գործում ձեռք բերված առաջընթացի համար և շնորհակալություն հայտնել վարչապետին՝ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած օժանդակության համար: Միաժամանակ, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենը բարձր է գնահատել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվող քայլերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը և կիբերհանցագործությունների դեմ պայքարին ուղղված հարցեր: Այս համատեքստում, վարչապետը կարևորել է «Մայքրոսոֆթ»-ի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցությունը՝ ՀՀ պաշտպանական համակարգը կատարելագործելու հարցում: