Երեկ ադրբեջանական լրատվամիջոցներն անտրտունջ և առանց մեկնաբանության հրապարակեցին ռուսական «Լևադա կենտրոն» սոցիոլոգիական գործակալության հարցման արդյունքները, որոնց համաձայն հարցվածների 49 տոկոսը պաշտպանում է Աբխազիայի, 47 տոկոսը՝ Հարավային Օսիայի, 49 տոկոսը՝ Մերձդնեստրի և 42 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Օրվա ընթացքում գործի լծվեցին ադրբեջանցի «վերլուծաբանները», որոնք այսօր արդեն դառնությամբ արձանագրել են, որ ռուսաստանցիների գրեթե կեսը պաշտպանում է անջատականությունը: «Ահա և պատասխանն այն հարցի, թե ինչու էր ռուսաստանցիների ճնշող մեծամասնությունն այդպիսի հրճվանքով պաշտպանում Ղրիմի բռնակցումը»,- գրել է կայքերից մեկը և հավելել՝ ռուսները չեն հարգում նախկին ԽՍՀՄ- ի հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը:

«Հարցումն հստակ ապացուցեց, որ խնդիրը Ղրիմը բռնազավթած անհատները չեն, այլ վիթխարի թվով ռուսաստանցիների պատմական մտայնությունը: Նրանք՝ այդ ռուսները, շատ հեռու են քաղաքակիրթ աշխարհի դավանած արժեքներից»- գրում է ադրբեջանական կայքը՝ փորձելով ընթերցողին համոզել, որ իբր Ադրբեջանը որևէ կապ ունի քաղաքակրթության կամ եվրոպական արժեքների հետ: Տեքստի հեղինակ Աքպեր Հասանովը ռուսների «քըխ» լինելն ապացուցելու համար վկայակոչում է Վրաստանի ոչ հեռու անցյալի և ՈՒկրաինայի այսօրվա դեպքերը և ի վերջո չի էլ զարմանում, որ ռուսաստանցիներն ի ծնե անջատականներ են գոնե Լեռնային Ղարաբաղի հարցում, տարածք, որի «պատկանելությունը» Ադրբեջանին պաշտոնապես ընդգծում է Ռուսաստանը:

Ստացվում է, որ «հարցված ռուսաստանցիների 42 տոկոսը կամ տեղյակ չէ Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը կամ թքած ունի դրա վրա՝ կողմնորոշվելով դեպի անջատականության խրախուսումը, ինչը թափվում է ռուսական հեռուստաալիքներից»,- տրտնջում է Հասանովը: Վերջինիս հուսահատությունն այն աստիճանի է հասել, որ նա ավելորդ է համարում Ռուսաստանի ադրբեջանական համայնքի կամ դեսպանության միջոցով ինչ- որ տեղաշարժի հասնել: «Այդ ամենը սիզիփոսյան աշխատանք է»,- գրում է ադրբեջանցի լրագրողը և համոզմունք հայտնում, որ հետխորհրդային տարածքում անհնար է պայքարել անջատականությունը խրախուսող պետական մեքենայի դեմ:

Կայքը նաև մեջբերում է «Սթրատֆոր» մասնավոր հետախուզական գործակալության այն վերլուծությունը, ըստ որի նախկինում ԼՂՀ հակամարտության կարգավորման գործում Բաքվի երաշխավորը Անկարան էր, բայց այժմ Ռուսաստանն ուզում է միանձնյա վերահսկել տարածաշրջանի իրադրությունը: Եվ իբր Էրդողանի առաջիկա այցը Մոսկվա առավելապես Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը քննարկելու նպատակ ունի:

Նարեկ Սարգսյան՝ ֆեյսբուք