Շուրջ 20 րոպե ոստիկանության աշխատանքը խաթարելու ու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արմեն Խալոյանն այսօր դատապարտվեց 5 տարվա ազատազրկման ու 250 հազար դրամի տուգանքի:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, նրան մեղավոր ճանաչեց նրան առաջադրված մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի՝ խուլիգանություն, առաջին և 2-րդ մասերով, 235-րդ 4-րդ մասով՝ ապօրինի կերպով սառը զենք կրելը, 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:

Դատարանն այսպիսով հաստատված համարեց մեղադրանքն, ըստ որի Արմեն Խալոյանը 2012թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 16.45-ի սահմաններում Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության վարչական շենքի ընդունարանում ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելություն կազմակերպելու հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Առուշանի Հակոբյանի հետ: Այդ ընթացքում նա, ըստ մեղադրական եզրակացության, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ բռնություն է գործադրել՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Մ.Հակոբյանին ու նրան պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: Իր այդ դիտավորյալ գործողություններով, ըստ մեղադրանքի, շուրջ 20 րոպե տևողությամբ խաթարել է ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը։

Ա.Խալոյանը դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց, որ մտադիր է հացադուլ սկսել: Նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ իրենք անպայման բողոքարկելու են դատավճիռը Վերաքննիչ քրեական դատարան:

 
«Փաստինֆո»