Երեկ լարված էր իրավիճակը ՀՀ-Ադրբեջան շփման գծում: Հակառակորդը գնդակոծում էր ոչ միայն մարտական հենակետերը, այլև խաղաղ գյուղերը, ինչի արդյունքում ունեցանք նաև 3 զոհ: Հակառակորդի դրսևորած վարքի մասին YerevanNews.am-ը զրուցեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:
- Պատճառ կա, հետևանք կա, նաև առիթ կա...այսպիսի դեպքերը առիթներն են: Հանդիպման ժամանակ, տոնի ժամանակ հիշեցնել իրենց գոյության մասին՝ սա առիթն է, բայց պատճառը հայ-թուրքական հակամարտությունն է, որը 200-300 տարի է շարունակվում է, բայց ավելի կոնկրետ Արցախի հարցն է: Ադրբեջանը օր օրի ուժեղանում է, իսկ եթե նույնիսկ իրենք չեն էլ ուժեղանում, մենք օր օրի թուլանում ենք: Թուլանում ենք արտագաղթով, չկարգավորվող կոռուպցիայով, պետական ապարատի ուռճացվածությամբ: Այսպիսի պետական ապարատը կբավարարի, ենթադրենք, Շվեյցարիայի կամ Ֆինլանդիայի տիպի պետությանը կառավարելուն՝ քանակով, բայց ոչ որակով:
Այս բոլորը հանգեցնում է վիճակի, որտեղ նրանք հարձակվողի դերում են:
Սոցիոլոգ-փիլիսոփա Լյուդվիգ Գումպլովիչը ասում է, որ թուլացող պետությունները դառնում են պատերազմի հրահրիչներ, որովհետև կողքի երկրները՝ տեսնելով նրա թուլանալը, աշխատում են անպայման խժռեն և իրար մեջ բաժանեն: Սա աներեր ու անխախտ օրենք է: Հիմա, Հայաստանը հայտնվել այս իրավիճակում՝ արտագաղթի դեմ պայքարի չլինելու պատճառով, սոցիալական անարդարության պատճառով...բոլորին էլ հայտնի է: Այստեղ, ոչ թե երկիրն է հարձակվում օտարների վրա, այլ նրանց համար դառնում է չափազանց գայթակղիչ՝ իր խնդիրներով:
Հիմա, ճանապարհը ո՞րն է...բոլորին հետաքրքրում է. քաղաքական գիտությունը մի քանի բան կարող է ասել այս պարագայում. արտագաղթը կանգնեցրե՛ք, Ադրբեջանը այդ քաղաքականությունից կհրաժարվի, որովհետև իմաստ չի ունենա, բայց նրանք տեսնում են, որ արտագաղթը ավելի է ուժգնանում, սահմանամերձ գոտին ամայանում է, ամռանը չհավաքված բերքի պատճառով մենք, դժբախտաբար, կունենանք ազգային անվտանգության բաղադրիչ հանդիսացող՝ պարենային անվտանգության ցավոտ հարց...այս բոլորը Ադրբեջանին հույս են տալիս, որ շարունակի ճնշումը և 15-20 տարի հետո Հայաստանն այլևս ակտուալ ազգաբնակչություն չի ունենա՝ քանակով, որակով և երիտասարդական ակտիվ բնակչությամբ:
Որոշ ռուսամոլներ կարող է նաև ուրախանան, էլի. կմիանանք Ռուսաստանին կամ Պարսկաստանին: Իմ ասածը չափազանց դաժան է, բայց եթե նշված տենդենցները չկանգնեցվեն, ուրիշ ճանապարհ չենք ունենանա:
Պետությունները փոխհարաբերությունների մեջ չեն խղճում, պետություններն իրար ոչնչացնում են և ցանկացած պետություն չի ուզում կողքին ուժեղ պետություն ունենալ: Դրա համար էլ Հայաստանը չի ունենա նաև դաշնակիցներ: Ազգային Ժողովը պետք է քննարկեր սահմանամերձ գոտու ամրագրման հարցեր և ոչ թե սահմանադրության փաթեթի հարց լուծեր, 40 տարի կառավարելու են թե չէ: 40 տարի հետո Հանրապետությունը անկախ չի կարող մնալ, դա բացառված է:
Քծնել, շողոքորթել, պատկերներ առաջացնել...Բժիշկը և քաղաքահետը, եթե մասնագետ են, նույն խնդիրն ունեն. Պացիենտին չխաբել և վերլուծություններում չխաբել սեփական ժողովրդին, ոչ մեկին չծառայել, բացի հայրենիքի և պետության ազգային շահերից, եթե իշխանությունները այդ պետության ներկայացուցիչն են, ապա նաև իշխանությանը, բայց այդպես միշտ չէ, որ պատահում է: Քաղաքագետը, բժշկի նման, պարտավոր է. դա իր բարոյական պարտավորությունն է, օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը: Ինչո՞ւ...ախտորոշել, որպեսզի կանխատեսվի և միջոցներ ձեռք առնվեն:
Թուրքն ի՞նչ է, որ մենք իր դիմաց խաղեր խաղանք: Արցախյան ազատամարտի տարիներին տեսել ենք դրանց... թե քանի կոպեկ արժեն: Տանկերով Բաքու էինք մտնելու, եթե չկանգնեցնեին: Մեր զինտեխնիկայի ահռելի մասը Ադրբեջանի բանակից խլված զենքեր էին: Հիմա էլ «մեղա ենք եկել» ու արդարանում ենք, թե ինչու ենք մեր երկիրը պաշտպանում: