Մեզ հետ զրույցում, խոսելով այն մասին, թե ներկա իրավիճակը պե՞տք է կարգավորել ռազմական ճանապարհով թե ոչ, Կոմանդոսը նշեց. «Ո՛չ, ռազմական ճանապարհով ո՛չ: Սա արդեն դիվանագիտական աշխատանք է: Աշխարհում շատ են հակամարտ և լարված գոտիները և ամեն տեղ այս խնդիրները ինչ-որ կերպ կարգավորվում են:
Մենք դեռևս խնդիրը լուծում ենք Հայաստան-Ադրբեջան մակարդակով: Մենք հայտնում ենք մեր դժգոհությունները, իսկ ԵԱՀԿ-ն լսում է և անում իր ենթադրությունները, տալիս է գնահատական:
Որպես զինվորական մարդ ես հասկանում եմ, որ եթե ինձ խփում են, ապա ես էլ պետք է խփեմ, բայց, հասկանում եք, խաղաղ բնակիչներ են զոհվում»:
Դիտարկմանը, թե օրերս առաջին անգամ կրակել էին Նոյեմբերյան քաղաքի ուղղությամբ և քաղաքապետն ասում էր, որ վերջին անգամ այնտեղ 92 թվականին է կրակոցներ հնչել, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց.
«Սա միայն մի բանի է ուղղված. շեղել ներքին քաղաքական խնդիրներից: Երկրորդն էլ այն է, որ նրանք ուզում են, մենք մտածենք, որ Ադրբեջանը շատ ուժեղ է, մեր վրա կհարձակվի և այլն:
Ադրբեջանը բլեֆ է անում, և դա նրա մոտ վատ է ստացվում»։