Թերթն անդրադարձել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող և 11 տարվա ազատազրկման դատապարտված Մարատ Սարգսյանի թեմային: Վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվել, ինչի պատճառով նա հացադուլ է հայտարարել: Նա մեղադրվում է կալանավայրում թմրանյութերի շրջանառության մեջ, սակայն Մ.Սարգսյանի մայրը պնդում է, որ իր որդին առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի:
Թերթի տեղեկացմամբ` 2009թ. Մ.Սարգսյանը բանկից տոկոսով գումար է վերցրել ու չի կարողացել վճարել, որի պատճառով բանկը բռնագանձել է նրա առանձնատունը և մեքենան: Այնուհետև Մարատը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Սահմանված պատժի 4 տարին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրելուց հետո, վերջինիս նոր մեղադրանք է առաջադրվել:
Մ.Սարգսյանի մայրը թղթակցին պատմել է . «Որդուս խուց մի տղա մտավ` Հովհաննես անունով: Նրանք նույն խցում միասին էին մնում: Հովհաննեսը տղայիս հաճախ խնդրում էր օգտվել նրա հեռախոսից: Տղաս էլ չէր մերժում»: Եվ ահա որոշ ժամանակ անց, ինչպես գրում է թերթը, պարզվել է, որ նույն ՔԿՀ-ում պատիժը կրող Հ.Գևորգյանը թմրանյութերի գործով է դատապարտված և Մարատի հեռախոսից այլ նպատակով է օգտվել:
«Հովհաննեսը թմրանյութերի իր սև գործը կալանավայրից շարունակում էր հեռախոսով կազմակերպել` իմ տղային տեղյակ չպահելով, թե ում հետ է խոսում, ինչի մասին»,- ասել է Մ.Սարգսյանի մայրը:
Մ.Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:


