«Էրեբունի-Երևան» տոնակատարության համար նախատեսված բյուջեն սահմանամերձ որևէ գյուղի խնդիր լուծելու համար տրամադրելու մասին բարձրաձայնել էր Անահիտ Բախշյանը՝ նամակով դիմելով քաղաքապետին: Այն նախաձեռնությանը արդեն միացել են բազմաթիվ մարդիկ և պահանջում են հոգալ սահմանամերձ գյուղերի որևէ խնդիր: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց հաղորդավար Եգոր Գլումովի հետ:
- Դրական եմ վերաբերում նախաձեռնությանը, եթե, իհարեկ, կան կոնկրետ խնդիրներ և կան մարդիկ, ովքեր էտ խնդիրները իրոք լուծում են:
Կարծում եք, կարող է գումարը նպատակին չհասնե՞լ:
- Ոչ թե կարծում եմ, այլ մեր երկրում և մեր առօրյայում շատ դեպքեր են եղել, երբ գումարները կոնկրետ նպատակի համար հավաքվել են և նպատակին չեն հասել, ցավոք սրտի:
Քրիստինե Պեպելյանն այսօր հայտարարել է, որ իր ամբողջ հոնորարը կտրամադրի Բաղանիսի գյուղապատարանին...
- Գյուղապետարանն ի՞նչ է անելու այդ գումարը: Ամեն գյուղում կոնկրետ ինչ-որ խնդիր պետք է լինի, որը կլուծվի: Գյուղեր կան մանկապարտեզի դիմաց, միգուցե, պատ շարեն, որ կրակոցի տակ չլինի, մի գյուղում պետք է մարզահրապարակ կառուցեն, մի գյուղում՝ ճանապարհ... Պետք է հասկանալ... ամպագորգոռ և բարձրաձայն բոլորս կարող ենք խոսել: Ինձ թվում է այդ խոսացողների 90 տոկոսը Երևանից դուրս չեն եկել, չեն գնացել այդ կողմի վրա և չեն պատկերացնում ինչ է այնտեղ կատարվում: Պետք է հստակ խնդիրը հասկանալ և փորձել այն լուծել` ֆինանսով կամ այլ միջոցներով: Ամեն խնդիրը իր լուծումը ունի:
Իսկ դուք ինչ-որ մասնակցություն ունենալո՞ւ եք Էրեբունի-Երևան տոնակատարությանը:
- Էրեբունի-Երևան տոնակատարության համար ինձ դեռ ոչ ոք չի զանգահարել, բայց մինչ այսօր ես և իմ ընկերները մեր ուժերով փորձում ենք ինչ-որ բան անել սահմանամերձ գյուղերի համար: Կոնկրետ պետք չէ նշել ինչ, կարևորը՝ սրտանց: