«Ղարաբաղի անջատականները ձեռնարկեցին Ադրբեջանի դեմ ուղղված հերթական սադրանքը»,- կարդում ենք ադրբեջանական կայքերից մեկում և մտածում, որ կայքն այդ բառապաշարն է օգտագործում Պաշտպանական բանակի հատուցման գործողությունները բնութագրելու համար: Բնավ: Պարզվում է, որ «սադրանք» կոչվածը ոչ այլ ինչ է, քան այն, որ ղարաբաղցիներն իրենց տարածք են «հրապուրել» սեպտեմբերի վերջին Հայաստանում տեղի ունեցած բուժքույրերի 3-րդ միջազգային համագումարի մասնակիցներին:
Կայքն ազնվորեն թվարկում է այն երկրները, որոնց ներկայացուցիչները, «խախտելով» Ադրբեջանի օրենսդրությունը, Ստեփանակերտ են մեկնել` Հոնգկոնգ, Ֆիլիպիններ, Սինգապուր, Չինաստան, Կանադա, ԱՄՆ, Իտալիա, Վրաստան, Թուքիա, Իրան և այլն: «ԼՂՀ»- ում տեղի ունեցած խորհրդակցության նպատակը (ի դեպ, մեր խեղճ գործընկերներն իրենց երկրի` Ադրբեջանի օրենսդրությունը չխախտելու համար չակերտների մեջ են առնում Արցախի պաշտոնական անվանումը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնը և այլ «վտանգավոր» բառեր, որոնց օգտագործման համար քրեական պատասխանատվություն է հասնում) առողջապահության ոլորտի հետագա զարգացմանը նպաստելն է:
Արդեն պարզ է, որ բուժքույրերը պետք է մեղադրվեն Ադրբեջանի օրենսդրությունը խախտելու, այսինքն` առանց Բաքվի իշխանությանը հարցնելու ինքնիշխան Ղարաբաղ մեկնելու համար: Մեր տարածաշրջանից հեռու գտնվող երկրներն իսկույն «համաներում» են ստանում այն պատճառաբանությամբ, որ կարող էին և չիմանալ, թե ինչ սոսկալի հանցանք են կատարում:
Մնում են հարևանները` Իրանը, Թուրքիան ու Վրաստանը: Այս երկրները ներկայացնող բուժքույրերը, ըստ սույն կայքի, պետք է ստույգ իմանային, որ իրենց ճանապարհորդությունը ԼՂՀ անօրինական է:
Ի վերջո պարսկուհիներին էլ են հանգիստ թողնում, թրքուհիներին ուղղվելիք պարսավանքը հետաձգում են և ամբողջ թափով հարձակվում վրացուհիների վրա: «Տարօրինակ է,- գրում է կայքը:- Չէ՞ որ Վրաստանը տուժել է անջատականությունից, հարկ եղած դեպքում ինքն է ակնկալում ուրիշների ըմբռնումն ու աջակցությունը իր կորցրած տարածքները վերադարձնելու հարցում»: Կայքն այլևս երկար-բարակ չի մտածում և պարզաբանման համար դիմում է Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Ստացած պատասխանն ավելի է բորբոքում կայքի ուղեղը. «Վրաստանի օրենսդրությունը չի պահանջում նախարարությանը տեղեկացնել, թե Վրաստանի տարածքում կամ արտասահմանում ինչ խորհրդակցության են մասնակցում բուժաշխատողները, այդ թվում` բուժքույրերը: Այդ պատճառով մենք տեղյակ չենք բուժքույրերի ուղևորությունից Լեռնային Ղարաբաղ»: Ադրբեջանական կայքը զարմացած ու վրդովված է, որ Վրաստանի պետական գերատեսչությունը այդքան անտարբեր է ընդունում Վրաստանի քաղաքացիների մուտքը Ադրբեջանի իբր «բռնազավթած» տարածք:
«Եվ սա ոչ միայն մեր հարևանի և ռազմավարական դաշնակցի դիրքորոշումն է, այլև մի պետության, որն ինքն է բացասաբար արձագանքում արտասահմանցիների այցին իր բռնազավթած տարածքներ»,- տարակուսում է կայքը և սպառնում. «Դե լավ, ինչպիսին պատասխանն է, այնպիսին էլ կլինի ողջույնը»:
Հոդվածի վերջում կայքը հայտնում է, որ մտադիր է առաջիկայում պարզել նաև Թուրքիայի համապատասխան գերատեսչության դիրքորոշումը:
Մի ուշագրավ մանրուք. սույն հոդվածը կայքում այսօր առավոտյան հայտնվել էր «Վրացուհիներն ու թրքուհիները Բակո Սահակյանի ընդունելությանը» վերնագրով: Մոտավորապես ժամը 13-ին վերնագիրը փոխվեց` «Բուժքույրերի միջազգային համագումարը Ղարաբաղում»: Մի՞թե հարևանների մտածողությունն սկսում է փոխվել: Դժվար է հավատալ:
Նարեկ Սարգսյան