Մարդկության պատմության ընթացքում, դեռևս անհիշելի ժամանակներից, որպես պետության կայացման և հասարակության անվտանգության ապահովման համար գոյություն են ունեցել զինված ուժեր: Սկզբնական շրջանում դրանք որոշակի զինված խմբեր էին, որոնք ապահովում էին ցեղերի անդամների անվտանգությունը` ճգնաժամային իրավիճակներում դիմելով զինված պայքարի: Նշված զինված խմբերը, իսկ հետագայում արդեն զորահրամանատարները, պատերազմներում ու ճակատամարտերում հիմնական դերակատարում են ունեցել` որոշումներ ընդունելով և վճռական գործողությոններ իրականացնելով: Հարկ է հավելել, որ զորավարները, հետագայում արդեն գեներալներն ու մարշալներն իրենց անմիջական մասնակցությամբ էին վարում մարտը` ճակատագրական պահին իրենց սեփական նախաձեռնությամբ բեկում մտցնելով մարտում:
Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումներում և մարդկության թռիչքային կտրուկ էվոլուցիայում գեներալիտետը դարձել է մի տեսակ բուն զինվորական կոնտինգենտից զտված ու տարանջատված, և մարտական իրավիճակներում անմիջական միջամտություն գրեթե չեն ունենում: Եթե հաշվի առնենք ժամանակակից զինտեխնիկայի և հեռահար հրթիռային գերռեակտիվ միջոցները, կարելի է ասել, որ իրականում այսօր արդի աշխարհում ռազմի արվեստը բավականին հասարակ բնույթ է ստացել:
Այս ամենը հաշվի առնելով, փորձենք ներկայացնել մեր ժամանակակից երիտասարդությանը գրեթե անհայտ որոշ գեներալների, որոնք իրենց կարիերայի պիկին հասան 1918-20 թվականների՝ Ռուսաստանում ընթացող քաղաքացիական պատերազմի տարիներին և առանձին աշխարհամարտի արյունալի դեպքերի ժամանակ: Այդ ռազմական գործիչներն էին, որ ցարի իշխանության տապալումից հետո (1917թ. փետրվար) ստեղծված ժամանակավոր կառավարոթյան ընթացքում փորձում էին պահպանել Ռուսաստանի սուվերենությունը բոլշևիկներից:
1917-22 թվականներին հակաբոլշևիկյան ուժերին հավաքական սկսեցին կոչել Սպիտակների բանակ կամ Սպիտակագվարդիականներ: Սպիտակ բանակի ստեղծման համար հիմնականում օգտագործվեց Ժամանակավոր կառավարության բանակի կառուցվածքը, միաժամանակ յուրաքանչյուր բանակային ենթակառուցվածք ուներ իր առանձին յուրահատկությունները: Սպիտակ բանակի ռազմական արվեստը հիմնաված էր առաջին աշխարհամարտի փորձի վրա:
Այսպես, Վլադիմիր Կապպելը 1883-1920թթ. Ռուսաստանի Արևելքում Սպիտակ շարժման ղեկավարներից մեկն էր, 1919 թվականից՝ գլխավոր շտաբի գեներալ-լեյտենանտ, ռուսական բանակի Արևելյան ճակատի գլխավոր զորահրամանատար: 1920 թվականին Կապպալը կարողանում է իր կյանքի հաշվին Կրասնայարսկի մոտ շրջափակումից դուրս բերել ողջ զորաբանակը և հասցնել Բայկալ լճի մերձակայք՝ Իրկուսկ քաղաքի հատված:
Բարոն Պյոտր Վրանգել. 1878-1928թթ. ռուսական զինուժի զորահրամանատար, ռուս-ճապոնական և առաջին համաշխարհային պատերազմների ակտիվ մասնակից, Սպիտակ շարժաման կարևորագույն անհատներից մեկը: Ռուսական ուժերի ղեկավարը Ղրիմում և Լեհաստանում, գեներալ լեյտենանտ: Վրանգելը Ղրիմում ձևավորել էր կառավարական բավականին լուրջ մարմին` իր առանձին ստորաբաժանումներով: 1920 թվականի ապրիլին Անտանտի միջամտությամբ նշանակվել է, այսպես կոչված, Ղրիմում ռուսական բանակի գլխավոր հրամանատար։ 1920 թվականի նոյեմբերին սովետական բանակը ջախջախել է Վրանգելի բանակը։ Վրանգելը զորքի մնացորդների հետ փախել է արտասահման, վարել է ակտիվ հակասովետական գործունեություն, գրել է հիշողություններ։ Ղրիմի խորհրդայնացումից հետո արտագաղթել է Կոստանդնուպոլիս, այնուհետև Սերբական թագավորությունից անցել Բելգիա, որտեղ և մահացել է 1928-ին:
Լավր Կոռնիլով. 1870-1918-ռուսական զորքերի գլխավոր զորհրամանատար, ռազմական հետախույզ, դիվանագետ և հետախույզ-ճանապարհորդ: Ռուս-ճապոնական և առաջին համաշխարհային պատերազմների մասնակից ու հերոս: 1918 թվականին ռուսական բանակի գլխավոր զորահրամանատար: Որպես ճանապարհորդ-հետախույզ՝ ուսումնասիրություններ է կատարել Թուրքմենիայում, Չինաստանում և Իրանում, եղել է ցարական Ռուսաստանի գաղտնի հետախույզը Չինաստանում՝ 1907-11 թվականներին, տիրապետել է ավելի քան վեց լեզուների, այդ թվում նաև չինաերենի: Բավականին ջերմ հարաբերությունների մեջ է եղել Չինաստանի ապագա նախագահ Չան Կայշիի հետ: Դիվանագիտական գործունեություն է ծավալել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում:
Անտոն Դենիկինը 1872-1947 թվականներին եղել է Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ, ռուսական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ լեյտենանտ, ռուսական ռազամաքաղաքական գործիչ, գրող, կենսագիր, հրապարակախոս, ռազմական փաստավավերագրող, ռուս-ճապոնական պատերազմի մասնակից: Սպիտակգվարդիականների ջախջախումից հետո՝ 1920 թվականի մարտին, անցել է Ղրիմ, ապրիլի 4-ին հրամանատարությունը հանձնել է գեներալ Վրանգելին և մեկնել Պոլիս։ Քաղաքական հայացքներով հարել է կադետներին, եղել բուրժուա պառլամենտական հանրապետության ջատագովը։ Մինչև կյանքի վերջը Դենիկինը մնացել է խորհրդային իշխանության թշնամի։
Ալեքսանդր Կոլչակ. 1874-1920թթ. Ռուսաստանի ժամանակավոր կառավարության ղեկավար և գերագույն գլխավոր հրամանատար, ռուսական հակաբոլշևիկյան ղեկավարներից, ռուս-ճապոնական պատերազմի մասնակից, օվկիանոսագետ, գիտնական, ծովակալ (1917)։ Կոլչակը բավականին լուրջ գործունեություն է ծավալել հետախուզական բնագավառում, մասնակցել է Թայմիր կղզու հետախուզական աշխատանքներին, մի շարք գիտական ուսումնասիրությունների և մենագրություների հեղինակ է: Ծառայել է Ծովային գլխավոր շտաբում, Կոլչակը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Բալթիական նավատորմի օպերատիվ շտաբի պետը, 1916 թվականից՝ Սեվծովյան նավատորմի հրամանատար։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո բավականին լուրջ հակահեղափոխական գործունեություն է ծավալել: 1918 թվականի նոյեմբերի 18-ին Օմսկում հաստատել է ռազմական դիկտատուրա (մինչև 1920 թվականի հունվարի 4-ը)։ Սպիտակգվարդիական զորքերի ջախջախումից հետո Կոլչակը Օմսկից նահանջել է դեպի Իրկուտսկ։ Նույն թվականի հունվարի 15-ին աշխատավորների պահանջով հանձնվել է բոլշևիկյան Հեղկոմին, որի դատավճռով էլ գնդակահարվել է։
Ամփոփելով ընդգծենք, որ նշված գեներալների մասին խոսելն անգամ բավականին երկար ժամանակ արգելված էր, ուստի հասարակական լայն զանգվածներին նրանց մասին քիչ տեղեկություն է հայտնի, իսկ հիմնական տեղեկատվության մեջ նրանք հիշատակվում են որպես ազգի դավաճաններ, հակապետական անձինք:
Այս մարդկանց կյանքի պատմությանն ու գործունությանը ծանոթանալուց հետո հասկանում ես, թե ժողովուրդն ու ճակատագիրը երբեմն որքան անարդար են վարվում իսկական հերոսների հանդեպ: