Ինչպես հայտնի է, ՀԷՑ-ի գործում նոր շրջադարձ եղավ. նոր սեփականատեր դարձավ «Տաշիր» գրուպը: Վարչապետը կառավարության նիստում նշեց, որ միաժամանակ «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար։
Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց ԲՀԿ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վարդան Բոստանջյանի հետ:
- Ես միանգամից և ուղղակի ասում եմ, որ ողջունում եմ «Տաշիր» խմբի կողմից ձեռքբերումը: Ամենապատասխանատու, դժվար ու անհրաժեշտ, կարևորագույն հանգույցը, տեղամասը Հայաստանի Հանրապետության համար և ցանկացած երկրի համար, էլեկտրոցանցերն են: Հայկական էլեկտրոցանցերը այս պահին գտնվում էին չափազանց սարսափելի, խոցելի վիճակում՝ այն հեռանկարով, որ դրանք կարող էին ոչ միայն սնանկանալ, այլ նաև ընդհուպ գործունեությունը դադարեցնել և մենք կանգնեինք «կոտրած տաշտակի» առաջ:
Առաջին հերթին լրիվ գործարքի առումով, ընդհանրապես բիզնես կտրվածքով, այդպիսի տիրույթ, սուբյեկտ գնելը, ըստ էության, կապված է մեծ ռիսկերի հետ և այդ ռիսկերը իր վրա վերցրեց Կարապետյանը: Դուք պատկերացրեք... և ես դրա համար ողջունում եմ ու համոզված եմ... Տեսեք, կառավարության հետ էլ էլի նորից մի ծանրաբեռնվածություն վերցրեց, պարիտետային սկզբունքով՝ համամասնորեն, պետք է մինչև 2016թ.-ի օգոստոսի 1-ը, սակագնի բարձրացման տարբերությունը, ճեղքվածքը, որի դժվարությունը պետք է կրեր բնակիչը, քաղաքացին և տնտեսվարող սուբյեկտը, իրենք վերցնում են իրենց վրա: Սա կարելի է անվանել մի մեծ նվեր մեր երկրին:
Այս բոլոր դրական կողմերը ես թողնում եմ մի կողմ ու ամենամեծ դրական բանն այն է, որ չկասկածեք, ի դեմս այդպիսի սեփականատիրոջ այսուհետ մենք կունենաք կառավարման համեմատաբար բարձր, արդյունավետ մակարդակ և հայկական էլոկտրոցանցերի բարվոք վիճակ, ինչը կարևոր է ամբողջ աշխարհում:
Ընդհանրապես էլեկտրոցանցերը, ինժիներական, բարդ, ծախսատար համակարգեր են , որոնց խնամքը, պահպանումը, վերազինումը, արդիականացումը բոլոր երկրների համար, հատկապես Հայաստանի համար, մեծ դժվարություն է ներկայացնում: Եվ այդ դժվարությունը իր վրա վերցրել է «Տաշիր» գրուպը, Կարապետյան Սամվելը: Դրա համար ողջունում եմ...