Երախտիքի խոսքեր են հնչել լավագույն ուսուցիչների հասցեին` իրենց վեհ կոչմանը հավատարիմ մնալու և հայրենիքին արժանի զինվորներ դաստիարակելու համար:
Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր երախտագիտությունն է հայտնել մանկավարժներին ամենօրյա նվիրումի և քրտնաջան աշխատանքի համար: Աշխատանք, որի արդյունքում կրթվում ու դաստիարակվում է մերօրյա հայրենասեր և խելացի սերունդը, ինչի վառ վկայությունը նաև այս օրերին հայ զինվորների ցուցաբերած խիզախությունն ու հայրենասիրական վսեմ հատկանիշներն են:
Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել նաև հանրակրթության ոլորտի պատասխանատուները, որոնց թվում՝ նաև այն ուսուցիչները, որոնց աշակերտները արիաբար զոհվել էին վերջին օրերի սահմանային լարվածության ժամանակ՝ հակառակորդի հարձակումները հետ մղելիս:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` մանկավարժները ևս մեկ անգամ կարևորել են զինված ուժերի և կրթօջախների միջև հաստատված արդյունավետ համագործակցության շարունակականությունը: