Կաթն անհրաժեշտ է երեխայի նորմալ զարգացման համար, վստահեցնում են գիտնականները, չէ՞ որ այն նպաստում է ոսկրային զանգվածի աճին: Բայց ի՞նչ անել, եթե երեխան կաթ չի սիրում կամ չի կարողանում խմել, քանի որ չի յուրացնում լակտոզան:
Քլիվլենդի կլինիկայի մանկաբույժ Դևիդ Շեֆրանը խորհուրդներ է տալիս նման երեխաների ծնողներին.
1. Երեխային անհրաժեշտ է կալցիում
Նախ պետք է հստակ հասկանալ, որ հենց կալցիումն է նպաստում երեխայի ոսկրերի աճին ու ամրությանը: Հիշեք, որ ոսկրերն աճում են միայն մինչև 20 տարեկան, որից հետո դրանց զանգվածն ավելացնել հնարավոր չէ, կարելի է միայն պահպանել այն, ինչ արդեն կա: Հենց դրա համար էլ այդքան կարևոր է, որ երեխաները հնարավորինս շատ կալցիում ստանան: Ահա թե որքան է նրանց պետք մինչև չափահաս դառնալը.
մինչև 6 ամսական՝ 200 մգ
6-12 ամսական՝ 260 մգ
1-3 տարեկան՝ 700 մգ
4-8 տարեկան՝ 1000 մգ
9-18 տարեկան՝ 1300 մգ:
18 տարեկանից հետո օրական 1000-1200 մգ կալցիումը բավական է:
2. Կաթն ու կաթնամթերքը կալցիումի լավագույն աղբյուրներն են
Մանկաբույժի խոսքով՝ կալցիումի լավագույն աղբյուրներն են կաթը, պանիրը և մյուս կաթնամթերքները, նույնիսկ՝ պաղպաղակը: Մեկ բաժակ կաթի մեջ 300 մգ կալցիում կա: Ստացվում է, որ երեխաներին օրական մոտավորապես 3 բաժակ կաթ է պետք՝ կալցիումի անհրաժեշտ քանակն ապահովելու համար:
3. Կալցիումի այլ աղբյուրներ էլ կան
Նրանց համար, ովքեր լակտոզա չեն մարսում, կալցիումի աղբյուր կարող է լինել սոյայի կամ բրնձի կաթը, բանջարեղենի որոշ տեսակները՝ բրոկոլի, կալե և այլն, մրգերը, օրինակ՝ նարինջը, ինչպես նաև՝ ձուկը: Ճիշտ է, առավել շատ կալցիում, այնուամենայնիվ, կաթնամթերքն է պարունակում:
4. Կալցիում խմելու անհրաժեշտություն սովորաբար չկա
Մանկաբույժի խոսքով՝ կալցիում պարունակող սննդային հավելումները սովորաբար պետք չեն, քանի որ կալցիումով հարուստ բավականին շատ մթերք կա: Այդ նույնը վերաբերում է նաև վիտամին D-ին, որն անհրաժեշտ է կալցիումը յուրացնելու համար. բավական է արևի տակ մի քիչ ժամանակ անցկացնել, ու այդ վիտամինը կսինթեզվի մաշկի տակ:
5. Ուժային մարզանքներ
Սնունդն, իհարկե, նպաստում է ոսկրերի աճին, բայց մեծ դեր են կատարում նաև մարզանքները, ուստի ֆիզիկական ակտիվությունը ծայրաստիճան կարևոր է երեխաների համար: Շատ կարևոր է կատարել այնպիսի ուժային վարժություններ, որոնց համար գործի են դրվում մկաններն ու ոսկրերը:
Ձեզ ենք ներկայացնում վեց լավագույն վարժությունները՝ ըստ մանկաբույժի.
վարժություններ՝ ծանրություններ բարձրացնելով,
քայլք,
վազք,
ցատկ,
լեռնագնացություն,
պար:
Ուստի, նույնիսկ եթե երեխան չի ուզում կաթ խմել, նրա սննդակարգը կարելի է այնպես կազմակերպել, որ նա ստանա իրեն անհրաժեշտ կալցիումի քանակը: Բացի դրանից, նրան պետք է ստիպել սպորտով զբաղվել, այդ դեպքում երեխայի ոսկրերն առողջ ու ամուր կլինեն:
Վրեժ Հովսեփյան