ՀՀ զինված ուժերում նշում են Տանկիստի օրը: 1992 թվականի հոկտեմբերի 8-ին ավարտվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասի ձևավորումը:

Խոսելով հայ տանկիստների մասին` անհնարին է չհիշատակել հայ մարշալ, Հայրենական Մեծ պատերազմի հերոս Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին, ով ծնունդով Լեռնային Ղարաբաղի Չարդախլի գյուղից էր:

1941 թվականի աշնանը Հ. Բաբաջանյանը նշանակվում է 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Կարմիր բանակի պատմության մեջ առաջին անգամ մի շարք զորամասերի թվում գվարդիայի կոչում է շնորհվում 127-րդ դիվիզիային, որի կազմում էր նաև Հ. Բաբաջանյանի ղեկավարած գունդը:

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944 թվի ապրիլի 26-ի հրամանագրով գվարդիայի փոխգնդապետ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանին շնորհվում է Խորհրդային Միության հերոսի կոչում գերմանական զավթիչների դեմ մղվող պայքարում հրամանատարության առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և մարտերում ցուցաբերած հերոսության և խիզախության համար:

1975թ.-ին նրան շնորհվում է զրահատանկային զորքերի գլխավոր մարշալի կոչում: