Հանրային հեռուստատեսության հիմնական նպատակը սպառիչ, օպերատիվ լուսաբանումն է, բայց այս կետը երբեք չի կատարվել: Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ.-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Հանրային նշանակում է բոլորինը: Բայց դուք բոլորինը չեք: Մեզ մոտ Հանրային անունով մարմինները միայն անունով են հանրային: Այո, կարող եմ ֆիքսել, որ ռաբիզը պակասել է, մշակութային հաղորդումները որակով են դարձել, դա շատ լավ է, բայց ձեր ֆունկցիան սա չէ: Մարդը, որ հեռուստացույցը բացում է, ուզում է անաչառ, իրական ինֆորմացիա ստանա, բայց չեք տալիս, դրա համար չեն բացում էդ սարքը»,- ասաց Արամ Մանուկյանը՝ նշելով, թե հաղորդումների բովանդակությունը համարձակության պակասի հետ է կապված:

«Դուք BBC, CNN երբևէ նայե՞լ եք, նրանց ակտիվությունը, դինամիկան, հարցերի սրությունը տեսե՞լ եք: Սահմանափակվում եք Նվեր Մնացականյանի զարմացած, հիացական դեմքով կամ Բախտամյանի՝ ինչպես անցավ օրը ասելով: Դրա համար ձեր մոտ ժուռնալիստ չի աճում: Ասեք Հ1-ից հայտնի ժուռնալիստ, չկա»,- նշեց ՀԱԿ պատգամավորը:

Ըստ Արամ Մանուկյանի՝ Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական հատվածը նվազել է, փոխարենը մեծացել են մշակութային հաղորդումները:

Արամ Մանուկյանն ընդգծեց, որ Հայաստանը պարտվում է միջազգային քարոզչության հարթակում, որովհետև հակառակորդ պետությունը դրա իրականացման վրա փող է ծախսում: