«Այդ գյուղերում եղել ենք, մենք չենք խոստացել մթերել, այլ խոստացել են աջակցել»: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ խոսելով Արմավիրի մարզի որոշ գյուղերում մեծ քանակությամբ վարունգի իրացման խնդրին: Ինչպես բազմիցս նշել ենք, միայն Գեղակերտում գյուղացիները մոտ 400 տոննա վարունգ են նետել աղբը:
- Ու այդ առիթով գյուղապետերի և վերամշակողների մասնակցությամբ, այցելել ենք գյուղացիներին, կազմակերպել են խորհրդակցություն: Վերամշակողներին անմիջապես կորդինացրել ենք: Վերջին 15 օրերի ընթացքում վերամշակողների կողմից մթերվել է 150 տոննա վարունգ, այդ թվում նաև նշված գյուղերից՝ Ծաղկալանջ, Հովտամեջ, Գեղակերտ, Առատաշեն:
Մեր մյուս խնդրանքը, հորդորն այն է եղել, որ գյուղացիները վաճառեն վարունգը շաբաթ-կիրակի օրերին Երևան քաղաքում գործող տոնավաճառներում: Գյուղապետերը ոչ մի հայտ չեն ներկայացրել՝ ասելով, որ մարդիկ չեն ուզում: Ընդհամենը եղել է մեկ հոգի, որ նախորդ շաբաթ հեռուստատեսությամբ տեղեկացրել էր: Ինքը բերել է իր մեքենայով, ինչպես խոստացել էինք, տեղ ենք հատկացրել, վաճառել է: Վերջում խոսել ենք և բավականին գոհ է եղել թե վաճառքի ծավալներից, թե գներից:
Մենք երկու ճանապարհ ենք առաջարկել՝ կամ վերամշակողների հետ աշխատել, կամ տոնավաճներում վաճառել: Փոքր չափի վարունգը վերամշակողները պետք է ընդունեին պլանավորվածից շատ քանակով, իսկ մեծացածը, որը պահածոյացման ենթակա չէ արդեն պետք է շուկայահանվեր՝ վաճառվեր շուկաներում: Մենք պայմանավորվեցինք, որ ինչքան ցանկացող կլինի իրենց կհատկացնենք լրացուցիչ տեղեր, անգամ ավտոմեքենաներով թույլ կտանք, որպեսզի վաճառեն՝ մեծ ծավալներով, որպեսզի իրացման խնդիրը որոշ չափով մեղմանա: Եվ, ինչպես ասացի, դիմել է միայն մեկ գյուղացի:
Միայն մե՞կը...
- Գյուղապետերի հետ անընդհատ կապի մեջ ենք եղել, որ թույլատրեն մարդիկ մեքենաներով վաճառեն, նրանք ասել են, որ ցանկացողներ չկան:
Այստեղ կարող ենք հանգիստ խղճով հայտարարել՝ «հարգելի պատասխանատուներ, դուք ստախոսներ եք»: Աջակցելու խոստումը բնակչության կողմից ընկալվել է որպես գործնական և ուղղորդված քայլերի ձեռնարկում, որոնց միջոցով հնարավոր կլիներ փրկել տվյալ գյուղատնտեսների կենսունակության ապահովման միակ միջոցը: Ինչևէ, երևի մենք ենք սխալվել, այլ ոչ թե տվյալ ոլորտի պատասխանատուները, ում անգործության արդյունքում վաղը գյուղացին չի իմանալու ինչով սնվի, ինչ միջոցով տաքանա... Հայաստանում:
Նշենք, որ Ռոբերտ Մակարյանը մեզ հետ զրույցում նաև ասել էր. «Այդ գյուղերը մշտապես վարունգի արտադրությամբ զբաղվել են: Մի քանի տարի այդ գյուղերից արտահանումն իրականացրել են վրացի արտահանողները, ինչը եղել է ձեռնտու: Գյուղացիներն էլ, մոտիվացված լինելով, ցանել են»: