Ինչպես հայտնի է, օրեր առաջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տվել էր հարցազրույց, որում խիստ քննադատության է ենթարկել ներկայիս նախագահի կողմից ներկայացված Սահմանադրական բարեփոխումների մասին նախագիծը: Այս մասին YerevanNews.am-ը խոսեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ, ով ասաց.
- Լավ է, որ կարծիք է հայտնում: Գնահատելի է, որ եղած մոդելը չի ընդունում, շատ սթափ է, բայց մի քիչ ավելի շուտ պետք է խոսեր էլի: Այսինքն, պետք է չթողներ քաղաքական գործընթացը շատ ավելի առաջ գնար, քան հնարավոր էր դրա այն կանխելը: Իրենք ազդեցություն ունեն, ճիշտ է ժողովրդի մեջ չենք կարող ասել ինչքան է նրա վարկանիշը... լավ ասող շատ կա, վատ ասող էլ կա, բայց ադմինիստրատիվ ռեսուրսի մեջ նրա խոսքը շատ ազդեցիկ է. ինքն է նշանակել, ընկերների հետ կապեր, հարաբերություններ ունի, ինչպես նաև գործարար աշխարհի հետ:
Անկախ այն բանից, ինչ արդյունք կստացվի, բոլոր դեպքերում այդ խոսալը շատ լավ է, բայց պետք է շուտ ասվեր: Մեր նախկին և այսօրվա քաղաքական դերակատարները պետության ճակատագրով պետք է ավելի շահագրգիռ լինեն, շատ ավելի սթափ գնահատեն և ժամանակին արտահայտվեն, ինչը որ իր մոտ կաղում է: Եթե ինքը հիմա երկրորդ քայլն էլ անի... անհրաժեշտ է, որ պայքարի մեջ մտնի, շատ ավելի լավ կլինի: Ոչ թե խոսել, գնահատել կողքից: Ես կարծում եմ, որ պետք է մասնակից դառնա: Իր խոսքը ադմինիստրատիվ ռեսուրսի վրա ազդեցություն կունենա, իսկ եթե պայքարի մեջ մտնի, հաստատ կունենա:
Ըստ Ձեզ, իշխանական շրջանակներում Ռոբերտ Քոչարյանի խոսքը ազդեցությո՞ւն ունի:
- 100 տոկոսով... ինչի Քոչարյանը նախարարները չի՞ նշանակել, հետները չի՞ «նստել հելել»: Երկրում չի կարելի բարեփոխում անվան տակ քաղաքական ռեժիմը փոխել. անթույլատրելի է: Իսկ իր խոսքը մարդիկ կգնահատեն, կտեսնեն նաև, որ մեկը, ով պատասխանատու է եղել, այսօր նորից մտահոգ է դարձել: Չեն արտահատվի, բայց այդպես է. կջլատվի, այդ կապը կկոտրվի: «100 տոկոսով հաղթել ենք հայ ժողովրդին» այդ տեսակետը այլևս չի լինի:
Հնարավո՞ր չէ, որ սա ինչ-որ քաղաքական խաղ կամ ձևական բնույթ կրող հայտարարություն լինի:
- Ես կուզենայի, որ չխաղար, բայց Հայաստանում ինչ լինում է ասում են խաղ է: Խաղը ո՞րն է, եթե հակադրվել է իր ընկերոջ տեսակետին: Պայմանավորվել են, ո՞ր ինչ անեն: Պայմանավորվել է, որ Սերժ Սարգսյանին հակադրվի և չթողնի՞ անցնեն: Կարծում եմ խաղ չկա: Մտահոգություն կա՞... ես դա էլ չեմ ասում:
Ընդհակառակը, կարծում եմ նրանք, ովքեր շահագրգիռ են, որ այդ նոր ձևաչափ կոչվածը անցկացնեն, իրենք են տարածում, որ այդ խոսքի նկատմամբ առաջանա անվստահություն, ինտրիգա: Ինչպես Հայաստանում սովոր են՝ մութ գործ, կարծում եմ՝ չկա: Բոլորի մտքին դա է, որովհետև Հայաստանում քաղաքականությունը խաղի վերածեցին: