Սրտանց շնորհավորում եմ «Ռուսաստանի հայերի միության» բազմաթիվ անդամներին՝ կազմակերպության ձևավորման 15-ամյակի կապակցությամբ: ՌՀՄ-ի ստեղծումը նշանակալի քայլ դարձավ Ռուսաստանի հայ համայնքի համախմբման և Ռուսաստանում ապրող հայերի ազգային ինքնության պահպանման ճանապարհին:
ՌՀՄ-ի կայացման գործում որոշիչ դեր խաղաց կազմակերպության հիմնադրի և անփոփոխ ղեկավարի՝ Արա Աբրահամյանի նպատակաուղղված աշխատանքը, ով երկար տարիներ մշտապես բնակվելով Ռուսաստանում, շատ բան է անում մեր եղբայրական պետությունների միջև բազմակողմ կապերի հետագա ամրապնդման համար:
«Ռուսաստանի հայերի միությունը» մեծ աշխատանք է տանում Ռուսաստանում հայերի հոգևոր և մշակութային ավանդույթների վերականգնման ուղղությամբ, զգալի ներդրում է ունենում սոցիալապես կարևոր, կրթական և բարեգործական ծրագրերի իրականացման մեջ: Կազմակերպության ղեկավարության նախաձեռնողականության շնորհիվ է, որ ընդլայնվում են մեր երկրների քաղաքացիների անմիջական շփումները:
Հայկական այլ համայնքային կազմակերպությունների հետ համատեղ ՌՀՄ-ն հետևողականորեն ուշադրություն է դարձնում երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությանը, նրանց մոտ բարոյական ուղենիշերի ձևավորմանը, իրենց հայրենակիցների հետ կապերի ամրապնդմանը:
Այսօր Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված են բոլոր պայմանները հայկական համայնքային և հոգևոր կյանքի զարգացման համար. կառուցվում են նոր մշակութային կենտրոններ, բացվում են Հայ Առաքելական եկեղեցու տաճարներ, բազմազգ Ռուսաստանի մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ համատեղ լայնորեն նշվում են հայկական ավանդական տոները:
ՌՀՄ-ն նպաստում է Ռուսաստանում մշակութային, կրթական և հասարակական կյանքի բազմակողմանիության պահպանմանը, ազգամիջյան ներդաշնակության զարգացմանը, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության և հանդուրժողականության սկզբունքների խթանմանը:
«Ռուսաստանի հայերի միությանը», նրա բոլոր անդամներին մաղթում եմ նորանոր հաջողություններ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված մեր ընդհանուր գործին ծառայելու մեջ: